Փախստականների վերադարձի իրավունքը դե ֆակտո դադարել է գործել. ԵԽԽՎ պատգամավոր

02 Փետրվարի 2026, 18:00

Քաղաքականություն

Հայերը դժգոհ են իրավիճակից և այն փաստից, որ ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից: Բայց արդյո՞ք նրանք իսկապես ցանկանում են վերադառնալ: Alpha News-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ուկրաինայից ԵԽԽՎ պատգամավոր Յուրի Կամելչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ ոչ մի խոսք չասվեց Լեռնային Ղարաբաղի փախստականների և վերադարձի իրավունքի մասին:

«Ես գիտեմ, որ հայերը դժգոհ են իրավիճակից և այն բանից, որ ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից: Բայց արդյո՞ք նրանք իսկապես ուզում են վերադառնալ: Իհարկե, նրանք ուզում են տուն վերադառնալ, որովհետև հայերն այնտեղ ապրում են հազարամյակներ շարունակ: Բայց միակ բանը, որ նրանք չեն կարող անտեսել, բռնության պատմությունն է: Հետևաբար, նրանց, անշուշտ, անհրաժեշտ են անվտանգության հստակ և հուսալի երաշխիքներ: Իրականում ես պատասխան չունեմ Ուկրաինայի մարդկանց համար»,-նշել է նա:

Պատասխանելով միջազգային իրավունքի մասին հարցին, որը երաշխավորում է վերադարձի իրավունքը, Կամելչուկն ասել է, որ գործնականում այն չի աշխատում. «Կարծում եմ՝ հիմա այն փաստացիորեն չեղարկված է»:

Մեկնաբանելով այն դիտարկումը, որ այսօր աշխարհում կարելի է տեսնել ավելի շուտ ուժի իրավունքը, քան իրավունքի ուժը, ԵԽԽՎ պատգամավորը նկատել է, որ դա իրականում այդպես է:

«Այո՛: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք մտածելակերպը: Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է ինքնուրույն վերագնահատել, թե ինչն է իսկապես արժեքավոր կյանքում՝ ապրել այստեղ և հիմա ընտանիքի հետ արժանապատիվ պայմաններում, թե՞ վերադառնալ հայրենիք՝ դեպի արմատները: Բայց արմատները, ինչպես ինձ թվում է, նախևառաջ մարդիկ են: Ուստի ինձ համար կարևոր է գոյատևել և ապրել հիմա հնարավոր լավագույն պայմաններում՝ իմ ընտանիքի հետ միասին: Դա հեշտ չէ: Բայց, ըստ էության, մենք այս աշխարհ ենք գալիս ոչնչով և հեռանում ենք նույնպես ոչնչով: Այդ դեպքում ի՞նչն է իսկապես արժեքավոր: Անկասկած՝ կյանքը:

Երբ դուք ինձ հարցնում եք՝ ինչն է ավելի կարևոր՝ հո՞ղը, թե՞ մարդիկ, ես պատասխանում եմ այսպես. եթե կա հնարավորություն, մենք պետք է փորձենք վերադարձնել նաև հողը: Բայց եթե մեր առջև ընտրություն է, եթե պետք է որոշել՝ ինչն է ավելի կարևոր՝ հողն ինքնի՞ն, թե՞ կյանքը, անվտանգությունը և մեր երեխաների ապագան, ապա պատասխանն ինձ համար ակնհայտ է»,- նշել է նա:

Կամելչուկն ընդգծել է, որ իր համար «քաղաքականությունը նման է մեռած բառերի»։

«Շատ հաճախ դրանք չեն արտացոլում կյանքի իսկական արժեքները: Ուստի, երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ մտածում որպես քաղաքական գործիչ, ես նախևառաջ պատասխանում եմ. առաջին հերթին ես մարդ եմ: Իսկ արդեն երկրորդ հերթին՝ քաղաքական գործիչ, որը պետք է որոշումներ կայացնի՝ գիտակցելով մարդկային կյանքի արժեքը: Հենց այդ պատճառով ես չեմ տարանջատում այդ բաները: Ինձ համար այստեղ չկա հակադրություն և չկա պառակտում:

Ես հասկանում եմ՝ ինչի մասին եք խոսում. այն մասին, որ քաղաքական գործիչները չկարողացան ապահովել միջազգային իրավունքի պահպանումը և հետևել դրան: Եվ որ այսօր ձևավորվում է նոր կարգ՝ հիմնված ավելի շուտ իշխանության ուժի, քան օրենքի ուժի վրա: Այո՛, ես դա լսում ու հասկանում եմ: Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք: Խոսքը նոր միջազգային կազմակերպության գաղափարի մասին է՝ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնության նման մի բանի: Դա շատ լավ գաղափար է, բայց այս պահին դրա իրականացումը ցանկալի արդյունք չի տալիս: Այն իսկապես հեշտ չէ կյանքի կոչել: Որովհետև, եթե նոր կարգ կառուցվի հենց միայն զենքի ուժի վրա, դա չի նշանակելու ոչ կյանքի արժեք, ոչ էլ իրական խաղաղություն: Եթե ինչ-որ մեկը վախենում է որևէ բան անել այլ ազգերի ու ժողովուրդների դեմ, նշանակում է՝ մենք պետք է փոխենք մտածելակերպը՝ և՛ մեր երեխաների, և՛ հենց մեր: Մեզ համար կարևոր է հասկանալ. պետք չէ պատերազմել, պետք չէ ավերել, պետք չէ գողանալ, պետք չէ սպանել: Մեզ պետք է կիսվել, համագործակցել, սովորել համակեցությանը: Եվ, ինձ թվում է, հենց այս խոստման մասին այսօր գրեթե ոչ ոք չի մտածում»,-եզրափակել է ԵԽԽՎ պատգամավորը: