Պայմանագրային զինծառայողը ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել. ՊՆ
30 Սեպտեմբերի 2025, 10:33
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Ի պատասխան «Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների՝ հայտնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 23-ին N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որը ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»:
Ավելի վաղ կին զինծառայողը Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել էր. «Մեր զորամասում, որտեղ բոլորը կանայք են, վերադասը իրեն առավելություն է տվել և մեր հետ վարվում ու խոսում է այնպես ինչպես ցանկանում է։ Անգամ մարզումների ժամանակ հղիներին ստիպում են հագնել զրահաբաճկոն և զենք, զինամթերով վազել 3 կամ 10 կմ։
Մեր զորամասում հրամանատարությունը շատ վատ է վարվում զորքի հետ։ Վիրավորում են մեր արժանապատվությունը և պատիվը։
Մի անգամ ստիպված լքել եմ զորամասը, որ գնամ ՀՀ Պաշտպանության նախարարություն, որպեսզի տեղեկացնեմ թե ինչ է կատարվում, սակայն ճանապարհին ինձ զանգեցին Ռազմական ոստիկանությունից և գնացի պատմեցի ամեն ինչի մասին ու նրանք ասացին, որ իրենք քրեական գործ կբացվեն վերադասի վրա, սակայն այդպես էլ «սայլը տեղից չշարժվեց»։
Մեր զինծառայողները վախից ելնելով է, որ այսքան ժամանակ չեն բողոքել, բայց բոլորն էլ դժգոհում են։ Մեր սպայական կազմը մեզ անգամ ասում է, ոիր իրենց ռազմական ոստիկանությունով չվախեցնենք, նրանք ոչինչ են իրենց դեմ»։