Պայքարի և պետականաշինության 30 տարի. Ալեքսանդր Մյասնիկյան
09 Փետրվարի 2026, 22:00
Ալեքսանդր Մյասնիկյանը (կեղծանունը՝ Մարտունի) ծնվել է 1886 թվականի փետրվարի 9-ին Նոր Նախիջևանում։ Սովորել է ծխական դպրոցում և Նախիջևանի հայկական հոգևոր սեմինարիայում, որն ավարտել է 1903 թվականին։ 1906 թվականին ավարտել է Մոսկվայի Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը , իսկ 1912 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Հեղափոխական գործունեությունը սկսել է հայ հեղափոխական-ազգայնական խմբերի կազմում, սակայն ռուսական առաջին հեղափոխության ժամանակ միացել է սոցիալ-դեմոկրատներին։ 1906 թվականից եղել է ՌՍԴԲԿ (Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն) անդամ։ Նույն թվականին ձերբակալվել և աքսորվել է Բաքու՝ անօրինական գրականություն պահելու համար։ Այստեղ նա ծանոթացել է Ստեփան Շահումյանի հետ, որը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։ Աքսորից հետո Մյասնիկյանը վերադարձել է Մոսկվա և շարունակել ուսումը համալսարանում։
Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի տարիներին նա դրսևորել է իրեն որպես կազմակերպիչ և քաղաքական գործիչ։ Եղել է Բելառուսական ԽՍՀ հիմնադիրներից մեկը, Ստալինի, Օրջոնիկիձեի և Մոլոտովի հետ միասին մասնակցել է ԽՍՀՄ ստեղծման հանձնաժողովի աշխատանքներին։ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։
Լինելով Խորհրդային Հայաստանի առաջին գործադիր իշխանության ղեկավարը՝ Մյասնիկյանը զբաղվել է տնտեսության վերականգնմամբ, արևմտահայ փախստականների վերաբնակեցմամբ, մշակութային զարգացման և արդյունաբերության արդիականացման համար պայմանների ստեղծմամբ։ Նրա քաղաքականությունn աչքի էր ընկնում ժողովրդի կարիքների հանդեպ հոգատար վերաբերմունքով և երկրի նախաձեռնողական զարգացման ձգտումով:
Մյասնիկյանի կյանքը ողբերգականորեն ընդհատվել է 1925 թվականի մարտի 22-ին. զոհվել է Թիֆլիսի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարից՝ Աթարբեկովի, Մոգիլևսկու և երկու օդաչուների հետ միասին։ Մյասնիկյանը թաղվել է Թբիլիսիում՝ Կոմունարների այգում, աղետի մյուս զոհերի հետ ընդհանուր գերեզմանում։
Երևանում կանգնեցվել է նրա հուշարձանը, պետական գործչի անունով են կոչվել փողոցներ և հաստատություններ։ «Հայկական պատմական հիշողության մեջ Ալեքսանդր Մյասնիկյանը մնացել է որպես գործիչ, որը կարողացել է միավորել հեղափոխական էներգիան պետականաշինության հետ և դրել Հայաստանի ապագա զարգացման հիմքերը։