ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը․ «Հետք»
27 Մայիսի 2023, 10:25
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 28 մլն 291 հազար դրամ։ ՊԵԿ-ի և այդ ընկերության միջև կնքված պայմանագիրը հրապարակվել է Ֆինանսների նախարարության armeps.am էլեկտրոնային հարթակում, գրում է «Հետք»-ը։
ՊԵԿ-ը գնումն իրականացրել է «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, որի անցկացման թույլտվությունը կառավարությունից ստացել էր 2023 թվականի ապրիլի 21-ին՝ գործադիրի ընդունած որոշմամբ։
Նախագծի կազմումից հետո սկսվելու են շինարարական աշխատանքները, որն իրականացնելու է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը կառուցած «Արտկոն» ՓԲԸ-ն:
Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով, ըստ ՊԵԿ-ի, կազմելու է 732 մլն 805 հազար դրամ։
ՊԵԿ-ի և «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ «Մարգարա» մաքսակետում նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, ավտոմեքենաների ձևակերպման երկու տաղավար, հերթափոխի հանգստի երկու տաղավար, մեկհարկանի զննման մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներտարածքային ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և մեկհարկանի պահեստային մասնաշենք։