Պենդերեցկու անվան փառատոնի փակման համերգին ելույթ կունենա Հայկ Մելիքյանը

09 Մայիսի 2023, 14:22

Հայեր | Մշակույթ

Մայիսի 12-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնի փակման համերգը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հիշեցնում են, որ ապրիլի 27-ից մայիսի 12-ը  նվագախումբը ներկայացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։

Քշիշտով Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։ Փառատոնի համերգային ծրագրերում ներառված ստեղծագործությունների մեծ մասը Հայաստանում կատարվում է առաջին անգամ։

Փառատոնի փակման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանը, համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Համերգային ծրագրում կհնչեն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Քրիստոֆեր Մուսկատի «Տոնական նախերգանքը», Տիգրան Մանսուրյանի «Գիշերային սերենադը», Էրիկ Ուիթաքրի «Հոկտեմբեր» ստեղծագործությունը, ինչպես նաև Արվո Պյարտի «Lamentate»-ն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։