Պեսկովը Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն չունի
27 Սեպտեմբերի 2023, 15:02
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Գորիս մեկնելու փորձի ժամանակ։
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել այս հարցի վերաբերյալ», — լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև նշել է, որ եթե Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա նրա իրավունքները Ռուսաստանում պաշտպանված կլինեն։
Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու քաղաք։ Հիշեցնենք, որ Վարդանյանի ձերբակալման մասին ահազանգը հնչեցրել էր կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ հայտարարություն տարածելով.
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից` սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ, գոյատևման համար պայքարել։ Ես խնդրո՛ւմ եմ ձեզ աղոթել ինձ հետ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի»,- ասվում է Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարության մեջ: