Պետական դավաճանություն կլինի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը. Աշոտ Դանիելյան

«Կապիտուլյանտը իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթղթի տակ, որտեղ Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս, դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը և 1992 թվականի Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը»,- հայտարարել է ԱՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը Արցախի խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստին:

Դանիելյանի պնդմամբ` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը աշխարհագրական որևէ վայրում` կլինի Պրահում, թե Բրյուսելում ամեն մի հանդիպմանը խորացնում է Արցախի հանձնման գործընթացը:

Ըստ նրա` հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները նրան հետ պահելու այդ քայլերից:

«ՀՀ որևէ իշխանություն չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս և նման տեսակետներ, մոտեցումներ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը:

2018 թվականի հեղափոխութունից հետո ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է և վերջ, ինչը բերեց բանակցությունների տապալման կամ փակուղի տարավ բանակցությունները, հետո հանգեցրեց պատերազմի:

Այսօր նժարին դրված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը, և մեր ճակատագիրը որոշելու իրավունք որևէ մեկին չի տրվել և չի տրվելու: Եթե ազգակործան պատուհասը ստորագրեց որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա դա պետական դավաճանություն կլինի»,- ընդգծել է Աշոտ Դանիելյանը: