Պետդեպարտամենտը պետք է պատժամիջոցներ կիրառի Արցախի շրջափակումը դադարեցնելու համար. Ֆրենկ Փալոն
03 Օգոստոսի 2023, 10:55
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
«Միջազգային հանրությունը, այդ թվում ՝ ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը, կարող են և պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկեն Արցախում հումանիտար ճգնաժամի հետագա խորացումը կանխելու նպատակով: Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները, այդ թվում ՝ պատժամիջոցները, այդ շրջափակումը դադարեցնելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն:
Փալոնեն հիշեցրել է, որ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի խաղաղ բնակչի, որին Հայաստան էին տեղափոխում բուժման նպատակով: Սա, ըստ նրա, մարդու իրավունքների խախտում է, և չհիմնավորված պնդմամբ, թե ինքը հանցագործ է, քանի որ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, վտանգավոր նախադեպ է ստեղծվում:
«Երբ Ալիևը հրաժարվեց այս շաբաթ Բրատիսլավայում (Սլովակիա) Արցախի ղեկավարության հետ նախատեսված բանակցություններից, նա հստակ հասկացրեց, որ խաղաղություն չի ուզում։ Նրա այս քայլերը խոսում են այն մասին, որ հենց ինքը շահագրգռված չէ արցախահայության անվտանգության խնդիրների լուծմամբ», — գրել է ամերիկացի կոնգրեսականը։
Ադրբեջանը, Փալոնեի խոսքով, շարունակում է շրջափակել Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով պարենի, դեղորայքի և էներգառեսուրսների հասանելիությունն արցախահայությանը: Սա միջազգային իրավունքի խախտում է և ալիևյան ռեժիմի կողմից այդ մարդկանց դեմ էթնիկ զտումների ակնհայտ արշավ։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից:
Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: