Պետդեպին դուր չի գալիս այն ամենը, որտեղ նրանք չկան․ Տիմոֆեյ Բորդաչովը՝ 3+3 ձևաչափով բանակցություններին ԱՄՆ-ի արձագանքի մասին
24 Հոկտեմբերի 2023, 22:20
«Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է «3+3» ձևաչափով հանդիպումը և Պետքարտուղարության արձագանքն այդ բանակցություններին:
Փորձագետի կարծիքով՝ «3+3» ձևաչափը բանակցային ինչ-որ միջավայր է, որի շրջանակներում շահագրգիռ կողմերի համար ավելի դժվար է միակողմանի մեկնաբանել քաղաքական իրադարձությունները:
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից, ես նման ձեւաչափը դրական եմ համարում։ Որովհետև Ռուսաստանը պետք է տարածաշրջանային իրավիճակներին նայի ոչ թե իր գործընկերների հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլ ուժերի համատարածաշրջանային դասավորվածության համատեքստում։ Եվ այդ պատճառով, իհարկե, դիվանագիտական գործընթացում Իրանի և Թուրքիայի ներգրավումը դրական է՝ բոլոր ենթադրություններով, հնարավորությունների սահմանափակությամբ կամ առանձին մասնակիցների ոչ բավարար անկեղծությամբ հանդերձ։ Այդ պատճառով Ռուսաստանի համար դա, իհարկե, լավ է, քանի որ առաջանում է ինչ-որ բանակցային միջավայր, որի շրջանակներում շահագրգիռ կողմերի համար դժվար է դառնում միակողմանի մեկնաբանել տեղեկատվությունը կամ քաղաքական իրադարձությունները։
Եվ ես ամեն կերպ կողջունեի այդ ձևաչափի պահպանումն ու զարգացումը։ Ակնհայտ է, որ դրանում շահագրգռված են Ռուսաստանն ու Իրանը, իսկ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի մասով այնքան էլ հասկանալի չէ, բայց մենք կտեսնենք։ Ի վերջո, դա է ռուսական դիվանագիտության խնդիրը», — նշել է Բորդաչովը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է աստիճանաբար կարգավորվել:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել աստիճանաբար, հենց այս և այլ նմանատիպ ավելի լայն տարածաշրջանային ձևաչափերին ինտեգրվելու ընթացքում, կամ այլ ինտեգրացիաներին միանալու դեպքում, օրինակ՝ ԵԱՏՄ-ին, որտեղ Ադրբեջանը դեռևս չի մասնակցում», — ասել է փորձագետը:
Ինչ վերաբերում Է Պետդեպարտամենտի հայտարարություններին, թե իրենք, ի դեմս ՌԴ-ի և Իրանի, հուսալի գործընկերներ չեն տեսնում, փորձագետն ասաց, որ այնտեղ, որտեղ նրանք չկան, իրենց ոչինչ դուր չի գալիս:
«Ուրախանալու ոչ մի հիմք չունեն, որովհետև իրենց չեն կանչել։ Իսկ այնտեղ, որտեղ նրանք չկան, նրանց ոչինչ դուր չի գալիս։ Դա իրենց արտաքին քաղաքականության օրենքն է, նրանց չի հետաքրքրում հարցի էությունը, նրանց հետաքրքրում է՝ կանչել են, թե՞՝ ոչ», — եզրափակել է Բորդաչովը։