Պետերբուրգցի ռեստորատոր Արամ Մնացականովը գործարկում է դաշնային ֆրանչայզինգ
24 Մայիսի 2025, 21:20
Պետերբուրգցի հայտնի ռեստորատոր, «Probka», «Mama Tuta», «Mina», «R14» և այլ ռեստորանների սեփականատեր Արամ Մնացականովը նախատեսում է Ռուսաստանի շրջաններում «Probka» բրենդի ներքո իտալական խոհանոցի ռեստորաններ բացել։
Ցանցը նախատեսվում է զարգացնել ֆրանչայզինգով: Այս մասին Best Breakfast-ին պատմել է Արամ Մնացականովի ռեստորանների գործադիր տնօրեն Ալեքսանդր Բատուշանսկին։
«Մենք մոտ ենք Ռուսաստանի այլ քաղաքներում «Probka» ռեստորանների բացմանը՝ ֆրանչայզինգի պայմաններով։ Մտադիր ենք մեկական «Probka» բացել Ռուսաստանի յուրաքանչյուր մեծ քաղաքում»,- ասել է նա։
Բատուշանսկին նշել է, որ ընկերությունն արդեն ունի ֆրանչայզինգի ներգրավման փորձ։ Նախորդ տարի, նրա խոսքով, վաճառվել է իտալա-լիբանանյան խոհանոցի «Mina» ռեստորանի առաջին ֆրանչայզինգն ԱՊՀ երկրներ։ Այժմ գործընկերները տարածքներ են ընտրում իրենց կետերի համար: Ինչպես պարզաբանել Է Ալեքսանդր Բատուշանսկին «ՌԲԿ Պետերբուրգ»-ի հետ զրույցում, առաջին հերթին Մնացականովի թիմին հետաքրքիր է «Probka» ռեստորանի նախագիծն իրականացնել Տյումենում, Կրասնոյարսկում, Խաբարովսկում, Վլադիվոստոկում, Նովոսիբիրսկում և Կազանում։
«Probka» առաջին իտալական ռեստորանը բացվել է 2001 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Բելինսկու փողոցում։ Նախ այն գինու փոքր բար էր, ապա՝ երկհարկանի ռեստորան։ 2012 թվականից «Probka»-ն աշխատում է Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում, 2013 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի Դոբրոլյուբովի պողոտայում։ Ընդհանուր առմամբ Արամ Մնացականովն ունի 13 սեփական ռեստորան, որոնցից 6-ը՝ Պետերբուրգում, 4-ը՝ Մոսկվայում, 2-ը՝ Բեռլինում և 1-ը՝ Երևանում: