Պետերբուրգում հարգել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը
29 Փետրվարի 2024, 18:30
Սանկտ Պետերբուրգում, քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանի օրհնությամբ և Հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնությամբ, տեղի են ունեցել Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:
Հիշատակի ակցիան շարունակվել է «Վերնատուն» մշակութային կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» ցուցահանդեսի բացումը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայր Եփրեմը՝ կարևորելով Ադրբեջանում հայերի կյանքի և գործունեության մասին հիշողության պահպանման և ճշմարտացի տեղեկատվության ու փաստերի տարածման կարևորությունը:
Ցուցահանդեսի այցելուներին ներկայացվել են 1987 թվականին Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում Զատկի վերջին ժամերգության բացառիկ տեսանյութեր, ինչպես նաև 1930-ական թվականներին ավերված Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս Մայր Տաճարի վերստեղծված 3D մոդելը:
Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ն. Գրիգորյանը, Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Ա. Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ակտիվիստներ, ինչպես նաև եկեղեցու ծխականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: