Պետությունը ոչինչ չի անում հայկական ֆուտբոլի զարգացման համար․ Ռոբերտ Գասպարյան
21 Մարտի 2025, 23:56
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախօրեին սեփական հարկի տակ խոշոր՝ 0։3 հաշվով պարտվել է Վրաստանին։ Պատասխան հանդիպումը Թբիլիսիում կկայանա մարտի 23-ին։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է մարզական լրագրող Ռոբերտ Գասպարյանի հետ։
«Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հասցեին հնչած քննադատությունները տեղին չեն, քանի որ նա ընդհանրապես նոր է ծանոթանում հայկական ֆուտբոլին։ Այս պարտությունը բնավ նրանը չէ։
Խաղի տեսանկյունից՝ բավական անատամ ֆուտբոլ ցույց տվեց մեր հավաքականը․ մենք չունենիք առաջատարներ՝ Էդուարդ Սպերցյանն ու Լուկաս Սելարայանը վնասվածքներ ունեին, մարզիչը փոխեց սխեման, որով մենք ակնհայտորեն զիջեցինք մրցակցին։ Տիկնիզյանը լավ հանդես չեկավ։ Կենտրոնում ընդհանրապես ձախողվեցինք։ Նույնիսկ մրցակցի լավ խաղալու հիմնավորումը չի կարող փրկել Հայաստանի ազգային հավաքականին քննադատությունից, իրերը կոչում ենք իրենց անուններով։ Այսօր Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ չէ B դիվիզիոն դուրս գալու»,- ասել է մեր զրուցակիցը։
Գասպարյանի խոսքով՝ պետությունը չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 0,5 տոկոսով է նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Պետության դերը ֆուտբոլի զարգացման գործում պիտի լիներ ամենակարևորը, բայց պետությունը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչինչ չեն անում հայկական ֆուտբոլի զարգացման համար»,- ցավով նշել է Ռոբերտ Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։