Պետք է ամենօրյա գործով ձախողենք Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունների շղթան. Դավիթ Գալստյան
29 Մայիսի 2023, 12:25
Մենք պետք է առաջ շարժվենք Արցախում բնակվելով, մեր պետական կառույցները կայացնելով՝ անկախ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ պայմանավորվածություններից: Այս մասին Аlpha News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ արցախահայությանն ուղղված սպառնալիքներին:
«Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունից հետո Ալիեւի սպառնալիքները մեզ համար անակնկալ չեն:
Երբ հայկական շահը ներկայացնող մարդը չի կարողանում առաջ տանել այդ շահը եւ պարտված ու գլխիկոր վիճակում նստում է բանակցությունների սեղանի շուրջ ու հերթական պարտությունը գրանցում հայ ազգի համար, իհարկե, նման հայտարարությունները շարունակական են լինելու»,- նշեց Դավիթ Գալստյանը:
Ադրբեջանի նախագահը երեկ՝ մայիսի 28-ին, Բերձոր կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե «Ղարաբաղի հայերը մեկ տարբերակ ունեն՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ եւ նորմալ քաղաքացի, եւ աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»:
«Դա Ալիեւի ցանկությունն է, բայց այն իրականության հետ աղերս չունի: Այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ Արցախը կերտվել է մեր հայրերի, եղբայրների այրամբ: Եթե մենք այստեղ վճռականություն ցուցաբերենք, ապա մենք կձախողենք բոլոր պլանները:
Մենք պետք է ամենօրյա գործով ձախողենք Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիեւ պայմանավորվածությունների շղթան»,- ասաց արցախցի պատգամավորը:
Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ քաղաքացիների մոտ այդ վճռականությունը կա, իսկ իշխանությունները երկմտում են՝ Նիկոլ Փաշինայնի հետ առճակատվե՞ն, թե՞ ոչ:
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ մինչեւ առճակատում չլինի, Նիկոլ Փաշինյանի պլանների ձախողումն ուշանալու է:
Գալստյանը չի բացառում, որ գուցե կուլիսային պայմանավորվածություններն են պատճառը, որ Արցախի իշխանությունները չեն առճակատվում Նիկոլ Փաշինյանի հետ:
«Երբ Արցախի նախագահը միայն հայտարարությմաբ է հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունից հետո, գործնական քայլերի մասին չի խոսում, չակերտներ չի բացում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին, գնահատականներ չի հնչեցնում, դա մտահոգիչ է»,- ընդգծեց «Արդարություն» խմբակցության ղեկավարը: