«Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով»

19 Մարտի 2024, 19:00

Քաղաքականություն

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես ասվում է․

««Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն ուշի ուշով հետևում է Արցախի շուրջը տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին, որոնք ակնհայտորեն վերջին շրջանում ակտիվացել են:

Տարբեր հարթակների ձևավորումը ողջունելի է մեզ համար, միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որոնք կարող են շեղել հիմնական նպատակից, այն է արցախցիների Արցախ վերադարձից։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը հանրայնացրել է Արցախի հիմնախնդրի առկա փուլի հետ կապված իր սկզբունքային մոտեցումներն ու դիրքորոշումը: Դրանք անշեղորեն կապված են քաղաքական ինքնության հետ: Մեզ համար անընդունելի է ցանկացած գործողություն, որը կշրջանցի արցախցիների անհատական և հավաքական իրավունքները:

— Ցանկացած ծրագիր սոցիալական, թե մեկ այլ նշանակության, պետք է ներառի այն կարևոր ուղենիշները, որոնք առնչվում են արցախցիների Հայրենիք վերադարձի ընդունելի և իրատեսական հնարավորություններին: Դրա խրախուսման գործիքակազմը պետք է ներդաշնակվի արժանապատիվ ու անվտանգ ճանապարհով իրագործմանը: Մեզ համար առաջնահերթը հայրենադարձությունն է: Ժամանակավոր ու երկարաժամկետ ռազմավարական նախագծերը պետք է բխեն այդ համատեքստից: Այն ամենն, ինչ կհակասի այդ առանցքին, մեզ համար անընդունելի է, լինեն դրանք ֆինանսական օժանդակության փաթեթներ 3, 5 կամ թեկուզ 20 մլն. դրամ արժողության:

— Բռնի տեղահանված արցախցիների կենցաղային ու սոցիալական խնդիրների շուրջ հարցերի լուծումը ՀՀ իշխանութունների կողմից որոշումներով հաստատելու կամ դիսկուրսի սադրանքով դրանք հանրային քննարկման դաշտ տեղափոխելու մարտավարությունը մեզ համար անհասկանալի է, մանավանդ , երբ բացակայում են դրան զուգահեռ համապատասխան քաղաքական գործընթացն ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ գործակցությունը: Մեզ համար սուբյեկտը պետական օղակներն են և ոչ թե անձերը նրանց նկատմամբ յուրատիպ վերաբերմունքով: Ժողովրդի վրա փորձարկումներով միջանկյալ լուծումների կիրառումն անընդունելի է:

— Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով: Օրակարգում պահելով միայն այդ ուղղությունն, ակնհայտորեն արժեզրկվում են բոլոր մյուս կարևորագույն թեմաները՝ ներառյալ Հայրենիք ու ապագա:

— Մեզ համար անբեկանելի է միասնության գաղափարը: Անգամ սոցիալական ծրագրերի նախաձեռնություններում կարևորում ենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժի համախմբումը, ինչն արժանապատիվ հանգրվանի հասցնելու տեսանկյունից բացահայտ անհրաժեշտություն է»։