Պետք է գնալ ընտրություններին ու չընտրել նրան. աչաջուրցի

03 Օգոստոսի 2025, 21:00

Քաղաքականություն

Աչաջուրցի Ռոբերտ Ղուկասյանը Marz.news-ի հետ զրույցում իր մտավախությունն է հայտնել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» արդեն իսկ հանձնել են:

«Սա մեծ Թուրանի ծրագիրն է: Որ ասում է ճանապարհի վերահսկողությունը 100 տարով հանձնում ենք ամերիկացիներին, սուտ է: Հունիսի 21-ից արդեն միջանցքը հանձնվել է: Դա իմ ենթադրությունն է, բայց մինչև հիմա չի եղել մի ենթադրություն, որ իրականություն չդառնա: Ամերիկան այդտեղ գործ չունի, նրա գոյությունը ոչնչով պայմանավորված չէ: Պարզապես փափուկ բարձի քաղաքականություն է, ու միջանցքն արդեն իսկ հանձնված է, մենք կշրջափակվենք նաև այդ կողմից, Տիգրանաշենի, Վերին Շորժայի կողմից»,- ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Աչաջուրցի պապիկը մի բանում համոզված է՝ խաղաղությունը չեն մուրում, այլ ձեռք են բերում:

«Եթե խաղաղության մեջ տագնապ կա, ինչպես հիմա է, դա խաղաղություն չէ: Խաղաղությունը նվաճում են, ոչ թե՝ մուրում: Մենք Ալիևին խնդրում ենք, որ մեզ չսպանի, բայց այդպես չի լինում: Նա ծիծաղելով սպանելու է մեզ: Նա այդ խաղաղության կեղծ հաղթաթուղթը օդում պտտացնելու է»,- ընդգծել է Marz.news-ի զրուցակիցը:

Ռոբերտ Ղուկասյանը բոլորին խորհուրդ է տալիս՝ 2026թ. ընտրություններին գնալ ու չընտրել Նիկոլ Փաշինյանին:

«Նախորդ ընտրությունների ժամանակ 680 հազար մարդ էր դրան ընտրել, հիմա շատերը, ի նշան բողոքի, քիչ են մասնակցելու ընտրություններին՝ չգիտակցելով, որ չմասնակցելով գործին դրական ազդեցություն չեն բերում: Պետք է գնալ ընտրությունների ու չընտրել նրան»,- եզրափակել է աչաջուրցին:

Մանրամասները՝ տեսանյութում: