Պետք է հարգել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Ֆրանսիացի քաղաքական գործիչները Կոռնիձորից հայտարարություն են ուղարկել Մակրոնին

01 Սեպտեմբերի 2023, 00:02

Քաղաքականություն

Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու համար օգոստոսի 29-ից 31-ը Հայաստանում եղած ֆրանսիացի մի խումբ քաղաքական գործիչներ Կոռնիձորից գրավոր հայտարարություն են պատրաստել՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Դիվանագիտական հայտարարությունների ժամանակն ավարտվել է։ Ահա թե ինչու ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավելի քան քսան ներկայացուցիչ, տարբեր քաղաքական ընտանիքներ ներկայացնող պատգամավորներ ցանկացան ուղեկցել այս մարդասիրական բեռնատարների շարասյունը մինչև սահման, որ այդպիսով Ադրբեջանից պահանջեն բացել Լաչինի միջանցքը: Արձանագրելով փաստը, որ ադրբեջանական իշխանությունները թույլ չտվեցին, որ հումանիտար բեռը հասնի նպատակակետին՝ փաստացի թակարդում գտնվող Արցախի հայ ժողովրդին, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի նախագահին սեղմ ժամկետներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդես գալ բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պահանջելով Լաչինի միջանցքի անհապաղ բացումն առանց նախապայմանի, որ հումանիտար օգնությունը տեղ հասցվի և ապահովվի ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը:

Պետք է հարգվի 2020 թվականին ընդունված համաձայնագիրը, որով խաղաղության գործընթացն է հաստատված:

Պետք է հարգել նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, որը հանդիսանում է Արցախի գոյատևման պարտադիր (sine qua non) պայման այն իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպան նկրտումները»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրել են Փարիզ, Ստրասբուրգ, Մարսել, Լիոն քաղաքները, Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանա, Օ-դը-Ֆրանս, Լյուարի երկիր, Օքսիտանիա, Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասերը: