Պետք է հասկանալ, թե ովքեր են «Հայոց պատմություն» դասագրքի պատվիրատուները․ Գրիգոր Բալասանյան
07 Օգոստոսի 2024, 22:16
«Հայոց պատմություն» դասագրքի պատվիրատուները ոչ այնքան ՀՀ կառավարությունում են, այլ ուրիշ տեղերում են նստած։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
««Հայոց պատմություն» դասագրքի շուրջ աղմուկը շատ մեծ է, որն անտեղին չէ։ Այն, ինչ այսօր կատարվում է, երկու ասպեկտ ունի՝ բարոյական և աշխարհաքաղաքական։
Կարծում եմ՝ գրքի պատվիրատուները ոչ այնքան ՀՀ կառավարաությունում են, այլ ուրիշ տեղերում են նստած։ Նպատակն է ստեղծել նոր պատմություն, որով սերունդներին կհրամցնեն՝ Ռուսաստանը բոլոր տեղերում եղել է ագրեսոր, իսկ հայերնն անհոգ ապրում էին Պարսկաստանի տիրապետության տակ ու վայրի Ռուսաստանը եկավ, բռնակցեց Հայաստանը։ Սա անթույալատրելի է և՛ բարոյական տեսանկյունից, և՛ պատմական փաստերի կոպիտ աղավաղում է։ Այն նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից լուրջ վտանգ է ներկայացնում մեզ համար»,- նկատել է Գրիգոր Բալասանյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենը Հայաստանին կանգնեցնում է աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների առաջ։
«Թուրքմենչայի պայմանագրով էր, որ Արևելյան Հայաստանը ու Արցախն անցան Ռուսաստանի տիրապետության տակ։ Եթե ասում են՝ Ռուսաստանը բռնակցեց Արևելյան Հայաստանը, նշանակում է Արցախը եղել է պարսկաթուրքական իրենց տերերի ձեռքում ու սրանով, ըստ էության, Ալիևի ջրաղացին ջուր ենք լցնում՝ նրան մեկ անգամ ևս հնարավորություն տալով ասել, որ Արցախը իրենցն է եղել, ու Ռուսաստանը ուղղակի բռնակցել է։ Հետո քրիստոնյա հայերին բնակեցրել է այնտեղ, իսկ հայերը հիմա հայտարարում են՝ Արցախը իրենցն է եղել։
Այն, որ սա մեծ վնաս է Հայաստանին, հայ ժողովրդին ու հայոց պետականությանը, անկասկած է։ Սրա հետևից պետք է գնալ ու պատկան մարմինները նաև եզրահանգում պետք է անեն՝ հասկանալու գրքի հեղինակների մոտիվացիան և պարզելու պատվիրատուներին, որ նման հրահանգ են իջեցրել գրքի հեղինակներին»,- եզրափակել է Բալասանյանը։