Պետք է միամիտ լինես, որ մտածես՝ հարկադրանքի ներքո արված բանակցություններից կարող ես նորմալ արդյունք ակնկալել. Բեքարյան

21 Հունիսի 2023, 12:35

Քաղաքականություն

«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների բացմանը եւ կարծիք հայտնել, որ հարկադրանքի ներքո արված բանակցություններից պետք չէ նորմալ արդյունք ակնկալել:

«Եթե մենք խոսեինք բնականոն իրավիճակի մասին, ապա շատ պարզ է, որ սահմանները պետք է բաց լինեն, կողմերի միջեւ հաղորդակցությունը պետք է գործի, բայց այսօրվա մեր իրավիճակը որեւէ կերպ նորմալ անվանել հնարավոր չէ:

Եթե դու բանակցում ես հարկադրանքի ներքո, սա այլ իրավիճակ է, իսկ եթե դու բանակցում ես նորմալ, դրա մեջ դնելով սեփական երկրի շահերն ու ապագայի տեսլականը, սա մեկ այլ խնդիր է: Հարկադրանքի ներքո իրականացված բանակցություններից ակնկալել նորմալ արդյունք, ուղղակի պետք է միամիտ լինել:

Պատերազմից հետո մեր վերքերը ամոքված չեն: Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկիչների ներգրավմամբ մեր հանդեպ ագրեսիա են իրականացրել, բայց անգամ ունենալով զինադադարի մասին եռակողմ տխրահռչակ հայտարարությունը, Ադրբեջանը չի պահպանում դրա կետերը: Հետեւաբար այսօր խոսել, որ կախարդական փայտիկով իրավիճակը կարելի է փոխել, տնտեսական օգուտ ունենալ, ուղղակի պետք է «բիզնեսմեն» լինել, որն այդ իրավիճակում տեսնում է միայն սեփական շահի էլեմենտ, իսկ մնացած մարտահրավերները դնում է մի կողմ:

Բոլոր նրանք, որոնք ներկայացնում են, թե կոմունիկացիաների ապաշրջափակումից հետո տնտեսական հրաշք է լինելու, դուք տեսե՞լ եք դրա տակ եղած հիմնավորումները: Օրինակ, տեսե՞լ եք, որ գրած լինեն՝ ունենալու ենք այս կամ այն ապրանքատեսակների արտահանում, եւ դրա արդյունքում պետական բյուջեում լինելու են այս կամ այն օգուտներն ու վնասները: Եվ վերջապես խոսել փողի մասին այն դեպքում, երբ քո 120 000 քույրերն ու եղբայրները շրջափակման մեջ են ու քո սահմաններին անընդհատ կրակում են, համահունչ չէ»,- ասել է Կարեն Բեքարյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահը մանիպուլացնում է, երբ օգտագործում է Զանգեզուրի «միջանցք» ձեւակերպումը, քանի որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուրի վերաբերյալ «միջանցք» բառ չկա: Բեքարյանի խոսքով, երբ Ադրբեջանի նախագահն օգտագործում էր «միջանցք» տերմինը, այն պետք է հակազդեցության արժանանար, մինչդեռ դրան պատշաճ արձագանք չի եղել:

«Եվ Ադրբեջանը շարունակել է կիրառել այդ տերմինը, իսկ ինչ-որ ժամանակ հետո էլ որոշել է, որ պետք չէ կանգնել տերմինի վրա, եւ որոշել է այդ բառը մտցնել փաստատթղթի մեջ ու ստորագրվել է Շուշիի դեկլարացիան, որի մեջ օգտագործվում է «միջանցք» տերմինը: Շուշիի հռչակագրի նկատմամբ հակազդեցությունն այնքան ցածր էր, որ որպես հաջորդ քայլ այդ դեկլարացիան վավերացվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից եւ ստացավ իրավական ուժ: Ադրբեջանը սա սկսեց խաղարկել եւ օգտագործել ըստ ցանկության ու իրավիճակի:

Եթե պետք է ասել, որ դա հատուկ ճանապարհի տեսակ է՝ մաքսային, հարկային խնդիրների համար, օգտագործում է այդ տերմինը, իսկ եթե պետք է ասել, որ ինքը տարածքային հավակնություն չունի Հայաստանի նկատմամբ, ասում է՝ ես ուղղակի միջանցք բառն եմ օգտագործում:
Այսինքն՝ սեւ ու սպիտակի վրա գրվածի մանիպուլյացիան արդյունավետ հակազդեցության բացակայության պարագայում բերեց այս վիճակին հասցրեց: Իսկ հիմա էլ հայկական կողմը մի կողմ է դնում այն հանգամանքը, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»,- նշել է Բեքարյանը:

Հիմա եթերում