Պետք է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել և ասել՝ չենք ընդունում Փաշինյանի և ո՛չ մի խոսք․ Հարութ Սասունյան
18 Հուլիսի 2023, 23:11
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը կարծում է, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է ազատվել ներքին թշնամուց։ Ըստ Սասունյանի, միայն այդ ճանապարհով է հնարավոր հաղթել արտաքին թշնամուն։
«Մենք միշտ խոսում ենք մեր թշնամիների մասին՝ Ալիև, Էրդողան և այլն, բայց, նախ և առաջ, պետք է խոսենք մեր ներքին թշնամիների մասին, որոնք այս վատ իրավիճակի մեղավորներն են, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա զիջում է թե՛ Արցախի անկախությունը, թե՛ Հայստանիի հողատարածքը, և ավելի ուշ՝ անկախությունը»,- Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Սասունյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը պետք է հեռանա։
«Փաշինյանը պետք է հեռանա, և դրա համար պետք է բոլորս միանանք: Եթե բոլորս համախմբվենք, նա կփախչի իր սենյակից: Նոր ուժեր պետք է գան, որ այս խորը փոսից կարողանանք դուրս գալ և թույլ չտան, որ ավելի վատ իրավիճակի հասնենք: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա նշեց, որ միանում է նստացույցին: Սա ժողովրդի համար շատ լավ առիթ է՝ նրա դիմաց ասելու, որ իր արած ոչ մի քայլը ընդունելի չէ, քանի որ հայրենիք ենք կորցնում»,- նշել է Սասունյանը:
Նրա կարծիքով՝ այս պարագայում տարբերակները երկուսն են՝ կա՛մ հեռանալ, կա՛մ փոխել սեփական դիրքորոշումը:
Խոսելով «Հայաքվե»-ի մասին՝ նա նշել է, որ ողջունում է այն և ուրախ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել և պայքարում է: «Ինչ վերաբերում է Սփյուռքին, մենք շատ բան ենք արել, բայց կա մի բան, որ չենք արել: Միայն ֆրանսահայ համայնքն է, որ հնարավորություն է ունեցել երկրի ղեկավարի հետ դեմ առ դեմ հանդիպել, մենք պետք է դա անենք նաև Ամերիկայում և Ռուսաստանում: Կոչ եմ անում, շատ արագ կազմակերպել հանդիպում նախագահ Բայդենի հետ՝ Սպիտակ տանը, և նախագահին ներկայացնել մեր ճգնաժամային իրավիճակը: Նույնը պետք է անել նաև Ռուսաստանում: Պետք է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել և ասել, որ չենք ընդունում Փաշինյանի և ո՛չ մի խոսք»,- ասել է Սասունյանը:
Սասունյանի խոսքով՝ մենք անընդհատ մեղադրում ենք բոլորին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, Թուրքիային, նաև միջազգային հանրությանը, բայց առաջին մեղավորները մենք ենք: «Երբ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, Ամերիկան կամ Ֆրանսիան: Պետք չէ կարծել, որ Պուտինը, Բայդենը կամ Մակրոնը պետք է ավելի հայանպաստ դիրքորոշում ունենան, քան Հայաստանի վարչապետը: Մենք՝ ինքներս, պետք է մեզ պաշտպանենք, իսկ մեր շահերը պաշտպանելու համար մեզ պետք է իշխանափոխություն և մինչև ատամները զինվել, ինչը չենք անում 2020 թվականից այս կողմ»,- հավելել է Սասունյանը: