Պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ. Ֆրանսուա Ալֆոնսի

05 Հոկտեմբերի 2023, 22:35

Քաղաքականություն

Եվրապատգամավորները չպետք է կարևորություն տային Ալիևին՝ գազային համաձայնագրի շրջանակում, պետք է օգնեին Հայաստանին ռազմական առումով ուժեղանալ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին՝ անդրադառնալով «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» բանաձևի քննարկմանը:

«Այս բանաձևի ընդունումը ուշացած քայլ է: Այդ հիմա է, որ բազմաթիվ եվրապատգամավորներ հանդես են գալիս նման նախաձեռնություններով, սակայն դա պետք է ավելի վաղ արվեր, հատկապես, 2020 թվականի պատերազմից առաջ: Նրանք պետք է կարևորություն չտային Ալիևին՝ գազային համաձայնագրի շրջանակում, պետք է դիվանագիտական ուժեղ ճնշում գործադրեին, ենթադրվում էր, որ պետք է օգնեին Հայաստանին՝ ռազմական առումովուժեղանալ, և այլն: Դա քաղաքական ընտրություն կլիներ: Այսօր այս ամենի մասին մենք մատնանշեցինք Եվրոպական խորհրդարանում»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը:

Նա նշում է՝ Եվրոպական խորհուրդը որոշում կայացնելու գործառույթ չունի, փոխարենը կարող է միայն ճնշում գործադրել:

«Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը ազդակ է, որ, ի վերջո, կարծես, Եվրոպան տեսավ ու ճանաչեց իրականությունը, ամեն դեպքում, Եվրոպական խորհրդարանում իմացան այդ մասին: Արդյոք այդ ամենը բավարա՞ր կլինի՝ վստահ չեմ կարող ասել, ցավոք սրտի: Եվրոպական խորհուրդը որոշում կայացնելու գործառույթ չունի, նա կարող է միայն ճնշում գործադրել: Եվրախորհրդարանում մեր ունեցած հնարավորությունների չափ մենք այդ ճնշումը գործադրում ենք: Գիտեք՝ եվրոպական դիվանագիտությունը, ես կասեի, համակարգման դիվանագիտություն է, այլ ոչ թե որոշիչ դերակատարում ունեցող, քանի որ այստեղ ամեն երկիր իր արտաքին գերատեսչության քաղաքականությամբ է առաջնորդվում: Եվ այդ երկրներից որոշները Ալիևին էին աջակցում, այլ ոչ թե հանդես էին գալիս հօգուտ ժողովրդավարության: Այս պատերի ներքո, ձայների մեծամասնությամբ, նման բանաձևի ընդունումը եվրոպական ամբողջ հանրությանն ուղերձ է՝ Հայաստանում տիրող վիճակի մասին է»,- ընդգծել է Ալֆոնսին:

Պատգամավորը վստահեցնում է՝ Էրդողանի աջակցությամբ Ալիևի ռազմական նկրտումները դեռ կշարունակվեն և այն հնարավոր կլինի կանխել միայն միջազգային դիվանագիտության համընդհանուր համախմբվածության շնորհիվ:

«Ես համոզված եմ, որ Էրդողանի աջակցությամբ Ալիևի ռազմական նկրտումները դեռ կշարունակվեն և այն հնարավոր կլինի կանխել միջազգային դիվանագիտության համընդհանուր համախմբվածության շնորհիվ, որպեսզի անհրաժեշտ ճնշումը գործադրվի: Պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ, այլապես, թեթև, սիմվոլիկ պատժամիջոցները ոչնչի չեն ծառայի»,- եզրափակել է Ալֆոնսին: