Սահմանից ուժերը հեռացնել. Պետդեպի կոչը՝ Հայաստանին ու Ադրբեջանին
12 Մայիսի 2023, 10:55
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․
«Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն:
Մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք մենք հյուրընկալել էինք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,- ասել է փոխխոսնակը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանեց.
«Մենք դիտարկում ենք այն երկխոսությունը, որը հյուրընկալեցինք այստեղ, որպես կարևոր դրական քայլեր: Մենք զգացել ենք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները:
Հավատացած ենք՝ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչև ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Փաթելը:
Փոխխոսնակը պատասխանեց նաև հայ-ադրբեջանաան հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ուր նշվեց, որ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն այսօր կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ ու մատնանշել, որ եռակողմ համաձայնությունից դուրս գործընթացը տապալված է:
«Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Կարող եմ ասել միայն այն, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրի կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ կա հստակ ուղի՝ առաջ շարժվելու համար։
Ուրախ ենք, որ մայիսի սկզբին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու այս երկու երկրներին: Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին այս բանակցությունների շարունակությանը:
Մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,- ասել է Փաթելը՝ ընդգծելով, որ չունի որևէ տեղեկություն, թե արդյոք պետքարտուղարը պատրաստվում է զանգահարել կողմերին: