Փոլ Գավանը ԵԽԽՎ 76 պատգամավորներից մեկն է, ում արգելել են մուտք գործել Ադրբեջան

27 Օգոստոսի 2024, 17:35

Քաղաքականություն

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իռլանդիայից պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի հեղինակ Փոլ Գավանը Alpha News-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքը ԵԽԽՎ 76 պատգամավորներից մեկն է, ում արգելել են մուտք գործել Ադրբեջան:

Քաղաքական գործիչը մեջբերել է ավելի վաղ արված իր թվիթը, որում նշել է՝ միևնույն է, այնտեղ չէր գնա։

«Ընտանեկան մաֆիայի դինաստիայի կողմից ղեկավարվող կոշտ բռնապետությունը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և սեփական քաղաքացիների ճնշման համար։ Այն փաստը, որ COP29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովը) կանցկացվի Բաքվում, խոսում է այն ամենի մասին, թե ինչ պետք է իմանալ ներկայումս մեր աշխարհի վիճակի մասին: Մենք ավելի ու ավելի արագ ենք մոտենում համաշխարհային աղետին։ Համաշխարհային խոշոր տերությունները բառացիորեն թքած ունեն մարդու իրավունքների վրա։ Նրանց համար այդ ամենը խաղ է. կայսրության և գաղութացման նոր դարաշրջանն արդեն ամբողջ թափով է ընթանում», — նշել Է Փոլ Գավանը։