«Փոքրիկ Հայաստան». Բուենոս Այրեսի հայկական թաղամասը
25 Հուլիսի 2023, 22:47
Արգենտինայում է ապրում աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մեկը։ Արգենտինան թվով չորրորդ հայկական համայնքն է աշխարհում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից հետո:
Հայերի մեծ մասը ժամանակին հայտնվել է Արգենտինայում՝ որպես 1915 թվականի Ցեղասպանությունից փրկվածներ։ Նրանք ապրում են հիմնականում Բուենոս Այրեսում, ինչպես նաև Կորդոբայում, Մար դել Պլատայում, Բերիսոյում և Ռոսարիոյում:
Բուենոս Այրեսում կա հայկական թաղամաս, որը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին, տեղացիներն այն անվանում են «Փոքրիկ Հայաստան»:
Այնտեղ է գտնվում նաև հայկական գլխավոր եկեղեցին՝ Գրիգոր Լուսավորչի տաճարը, որը կառուցված է հայկական ավանդական ոճով և բնականաբար գտնվում է Հայկական փողոցում։ Եկեղեցին հիմնադրվել է 1932-ին:
Եկեղեցու հարևանությամբ հիմնվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Այս եկեղեցին ներառված է Արգենտինայի մայրաքաղաքի պաշտոնական ուղեցույցում:
Ի դեպ, Արգենտինայի մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Կորդոբա քաղաքում բնակվում է մոտ հինգ հազար հայ։ 2017 թվականին արգենտինահայ Քրիստիան Մերդինյանի աջակցությամբ քաղաքի հրապարակում խաչքար է տեղադրվել: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի օծման արարողությանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ և տեղական իշխանություններ: