Փորձաքննությունից տեղյակ չեմ․ Արշակ սրբազանը՝ եպիսկոպոսներին վերագրվող եզրակացության մասին

27 Նոյեմբերի 2025, 16:40

Քաղաքականություն

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տեղյակ չէ որևէ փորձաքննությունից կամ դրա եզրակացությունից։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ ժամեր առաջ ԶԼՄ–ները հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Եզրակացությունը, իբր, հաստատել է տեսանյութերի իսկությունը (ՀՀ Քննչական կոմիտեն նշված տեսանյութի իսկության վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել–խմբ.), սակայն «Ամենայն հայոց կաթողիկոսն առ ոչինչ է համարել այն»։ Հայտարարությունը ստորագրած 13 եպիսկոպոսներ դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։

«Քանի դեռ այդ հոգևորականները չեն հաստատել, որ ստորագրել են այդ թղթի տակ, ես չեմ պատրաստվում այն մեկնաբանել։ Երբ ստորագրող անձինք կհաստատեն, որ իրենք նման հայտարարություն են տեսել և ստորագրել, այդ ժամանակ իմ հետևությունները կանեմ ու այդ թեմայի շուրջ ավելի հանգամանալից զրուցենք»,- ասել է Արշակ սրբազանը։

Դիտարկմանը, թե այդ փաստաթղթում նշվում է, որ Քննչական կոմիտեն է նորաստեղծ հանձնախմբին տվել հիշյալ փորձաքննության եզրակացությունը, սրբազանն ընդգծեց՝ իրեն որևէ փորձաքննություն կամ առավել ևս դրա եզրակացություն հայտնի չէ։