Արցախի պետհամալսարանի՝ հնարավոր վերագործարկման հարցով չի հաջողվում հանդիպել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի. ԱրՊՀ ռեկտոր
16 Հոկտեմբերի 2023, 16:28
Ներկայումս մեզ համար առաջնայինն Արցախից տեղահանված ուսանողների կրթության իրավունքը վերականգնելն է, հայաստանյան բուհերում նրանց ուսուցումն ըստ մասնագիտությունների կազմակերպելը, իսկ թե ինչ կլինի Արցախի պետական համալսարանի հետագա ճակատագիրը՝ դեռևս հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։
«Ես ամենօրյա կապի մեջ եմ ԱՀ կրթության, գիտության նախարարի և հայաստանյան բուհերի ղեկավարների հետ: Մեր ուսանողները ներկայումս կցագրվում են այլ բուհերի, առայժմ՝ առանց որևէ փաստաթղթի, նստում են դասերի՝ առանց անուն-ազգանունները մատյաններում գրանցելու, որպեսզի իրենց կրթության իրավունքը չխախտվի: Եթե այս ամիս չհասցնենք նրանց տեղավորել հայաստանյան բուհերում, ապա ուսանողները ստիպված կլինեն մեկ տարի կորցնել»,-պարզաբանել է ռեկտորը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Արցախի պետական համալսարանի հնարավոր վերագործարկման հարցով դեռևս չի հաջողվում հանդիպել Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
«Առայժմ սպասում եմ նախարարի հետ հանդիպմանը: Արցախի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում շարունակելու համար պետք է կառավարության որոշում լինի: Եթե որոշումը չեղավ, չենք կարող համապատասխան հավատարմագրում անցնել, լիցենզիա ստանալ, հետևաբար չենք կարող նաև շրջանավարտներին դիպլոմներ տրամադրել», — ասել է Սարգսյանը՝ նկատելով, որ այդ գործընթացը հնարավոր է առնվազն երկու տարի տևի:
«Մենք չենք կարող 1600 ուսանողի մեկ-երկու տարի սպասեցնել, մինչև փաստաթղթերը պատրաստենք, նոր բուհ հիմնենք, սա շատ բարդ և ժամանակատար գործընթաց է, իսկ եթե մասնավոր բուհի կարգավիճակով մեր գործունեությունը շարունակենք, հարց է՝ արդյո՞ք Արցախից տեղահանված ուսանողներն ի վիճակի կլինեն ուսման վարձ վճարել և այլն», — ասել է Սարգսյանը: