Պուշկինի անվան թանգարանում բացվել է Հին Հայաստանի պատմությանը նվիրված ցուցահանդես
31 Հոկտեմբերի 2023, 19:07
Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը: Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու — Հարմինույա — Արմինա» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ռուսաստանի և Հայաստանի առաջատար թանգարանների հետ համատեղ:
Ցուցահանդեսը նվիրված է հին Հայաստանի հարուստ մշակութային պատմությանը և Ուրարտու պետության ժառանգությանը (Ք.ա. 9-7 դարեր):
Նոր ցուցահանդեսային նախագիծը պատմում է հնագույն քաղաքակրթություններից մեկի մասին։ Թանգարանի երկու սրահներում տեղ են գտել ավելի քան 400 եզակի ցուցանմուշներ՝ մոնումենտալ գեղանկարչության, քանդակագործության, մետաղապլաստիկայի, ոսկերչական արվեստի, խեցեգործության գործեր: Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման տարբեր փուլերին՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից մինչև հետուրարտական շրջանի հին հայկական արվեստի ձևավորումը:
Ուրարտական հավաքածուի համար հատուկ արժեք են Էրեբունիում հայտնաբերված մոնումենտալ որմնանկարները, որոնք պահվում են Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում։ Բացի այդ, այցելուները եզակի հնարավորություն կունենան ծանոթանալու առաջին պեղումների արտեֆակտներին, որոնք իրականացվել են դեռևս կայսերական Ռուսաստանի օրոք։
Ցուցահանդեսը նվիրված է հայտնի արևելագետ Սվետլանա Իզմայլովնա Խոջաշի (1923-2008) ծննդյան 100-ամյա հոբելյանին, որը Մոսկվայի պետական համալսարանի Հին Արևելքի բաժնի վարիչն էր:
Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են լսել հին Հայաստանի երաժշտությունը: Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի 2024 թվականի հոկտեմբերի 31-ից հունվարի 28-ը: