Պուտինի և Թրամփի բանակցությունների հիմնական արդյունքները
16 Օգոստոսի 2025, 10:09
Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում երեկ՝ օգոստոսի 15-ին, տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին լայնաֆորմատ գագաթնաժողովը վերջին վեց տարվա ընթացքում։ Առաջնորդների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականին Ժնևում, և այդ ժամանակից ի վեր երկու երկրների հարաբերությունները մնում էին լարված։
Անքորիջի գագաթնաժողովը դարձավ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը վերսկսելու փորձ՝ համաշխարհային մարտահրավերների և աճող անկայունության ֆոնին։ Բանակցությունների կենտրոնում էին Ուկրաինայի հակամարտության դադարեցման, միջուկային զենքերի վերահսկողության, տնտեսական և անվտանգության կապերի վերականգնման, Մերձավոր Արևելքի տարածաշրջանային հակամարտությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։
Հանդիպումը սկսվել է ԱՄՆ նախագահական լիմուզինում առանձնազրույցով, որից հետո անցկացվել են «երեքը երեքի դեմ» ձևաչափով բանակցություններ և ընդլայնված քննարկումներ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ռուսական կողմը ներկայացնում էին Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Լավրովը, Անդրեյ Բելոուսովը, Անտոն Սիլուանովը, Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը։ Ամերիկյան կողմը՝ Դոնալդ Թրամփը, Ջոն Ռեթքլիֆը, Մարկո Ռուբիոն, Փիթ Հեգսեթը, Հովարդ Լատնիկը, Սքոթ Բեսենթը և Սթիվ Ուիթքոֆը։
Չնայած «էական առաջընթացի» մասին հայտարարություններին, գագաթնաժողովի արդյունքներով կոնկրետ համաձայնագրեր չեն ստորագրվել։ Բանակցություններից հետո նախատեսված ճաշը չեղարկվել է, իսկ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ առաջնորդները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին՝ սահմանափակվելով կարճ հայտարարություններով։
Վլադիմիր Պուտինի հայտարարություններից գլխավորը՝
♦️ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունները կառուցողական և օգտակար է անվանել։
♦️ Ռուսաստանը և ԱՄՆ-ը մտերիմ հարևաններ են՝ չնայած նրանց օվկիանոս է բաժանում։
♦️ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Թրամփին Ալյասկայում հանդիպելիս ողջունել է նրան որպես հարևանի։
♦️ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները Սառը պատերազմից ի վեր ամենացածր մակարդակին են հասել այն ժամանակահատվածում, երբ առաջնորդների միջև ուղիղ շփումներ չեն եղել։
♦️ Ռուսաստանը տեսնում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական ճգնաժամի լուծմանը։
♦️ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ դրվի։
♦️ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Ուկրաինայի կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի։
♦️ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին վստահելի զրույցի համար։
Դոնալդ Թրամփի հայտարարություններից գլխավորը՝
🔹 Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ է անվանել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։
🔹 ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կզանգի Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Պուտինի հետ հանդիպման բովանդակության մասին տեղեկացնելու համար:
🔹 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հաջողվել է համաձայնեցնել ուկրաինական խնդրի «շատ կետեր», սակայն մի շարք հարցերի շուրջ դեռևս պայմանավորվածություններ չկան։
🔹 Թրամփը Պուտինի հետ Ուկրաինայի հարցով ձեռք բերված փոխըմբռնումը գործարք չի անվանել և նշել է, որ անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: