Պուտինի համար Ղարաբաղը փոքր, բայց լծակ է Բաքվի և Անկարայի հետ հարաբերություններում. Վիգեն Հակոբյան
23 Օգոստոսի 2024, 20:53
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան, խոսել դրա նպատակների և արդյունքների մասին:
«Պուտինի՝ Բաքու այցը կարող է մի քանի պատճառ ունենալ: Հավանաբար դա կապված է նրա հետ, որ Պուտինը հասկանում է, որ թե՛ Կուրսկի օպերացիան, թե՛ Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ որոշակի պրովոկացիաները, կարող են տարածաշրջանն ավելի տաքացնել, ինչն այնքան էլ ձեռնտու չէ Ռուսաստանին ու դաշնակիցներին, օրինակ՝ Իրանին: Այս տարածաշրջանը Ռուսաստանի ու իր դաշնակիցների համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունի իր հետևանքների առումով, քան բուն ուկրաինական հակամարտության ռազմական թատերաբեմը:
Պուտինի՝ Բաքու այցից առաջ էլ ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն էր նախ գնացել Թեհրան, ապա Բաքու: Իրանը մտահոգված լինելով իրավիճակի թեժացման հեռանկարով, փորձում է իրեն ապահովագրել «անակնկալներից» կամ էլ հարևանների կողմից անցանկալի գործողություններից: Տվյալ դեպքում խոսքը Ադրբեջանի մասին է: Կարծում եմ, որ Իրանը խնդրել է Ռուսաստանին գարանտ կանգնել, որ Ադրբեջանը հնարավոր հակամարտության պարագայում առնվազն գոնե նետրալ կարգավիճակ պահպանի, քանի որ Իրանին չի բավարարում Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումները:
Պուտինի՝ Բաքու այցի երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ նա փորձում է Թուրքիայի հետ հարաբերություններում այլընտրանք հանդիսանալ Ադրբեջանի համար, այսինքն՝ փորձում է նվազեցնել Թուրքիայի ազդեցությունը, որովհետև տարածաշրջանում զգացվում է, որ Թուրքիան նախապատվությունը տալիս է Արևմուտքին:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստին, ապա հնարավոր է «միջանցքի» շուրջ խոսակցություններ են եղել: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին առանձնապես հետաքրքրում է՝ դա «միջանցք», կկոչվի, թե ճանապարհ, նրան հետաքրքրում է, որ վերահսկողությունն իրենը լինի, իսկ եթե իրենը չլինի, ապա չլինի նաև արևմտյան վերահսկողության տակ, այդ թվում՝ Թուրքիայի:
Բացի այդ, ստրատեգիական առումով Ռուսաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահը էներգակիրների լոգիստիկան է: Գուցե նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ առումով: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ամենակարևորը «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարցն է, որի շուրջ պայմանավորվածություններին կարծում եմ նոր բովանդակություն կարող էին հաղորդվել»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Վիգեն Հակոբյանը:
Վերլուծաբանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումից առանձնացնում է Վլադիմիր Պուտինի՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարությունը:
Ռուսական պետական գործակալության՝ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, Ալիևի հետ բանակցությունների ժամանակ Պուտինն ասել է, որ «Մոսկվան ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցով խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:
«Ղարաբաղի վերաբերյալ արտահայտությունն այդքան էլ դուրեկան չէր լինի Ալիևի համար, որովհետև նրա տեսանկյունից՝ Ղարաբաղի հարցը փակված է համարվում: Պուտինի՝ Ղարաբաղի մասին հիշելը, վկայում է այն մասին, որ Ղարաբաղը ռուսների ձեռքում մնում է փոքր, բայց դեռևս որոշակի լծակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Ռուսաստանը որպես ճնշման միջոց թեկուզ ոչ ամբողջ ռեսուրսով, բայց շատ զգուշորեն փորձում է կիրառել»,- ընդգծում է Վիգեն Հակոբյանը:
Օգոստոսից 18-ից 19-ը պետական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի նախագահը Ալիևի հետ հանդիպմանն ասաց, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն այն մասով, որը պահանջված կլինի երկու երկրների կողմից։ Հրապարակված տեսանյութում Ալիևն այս հայտարարությանը չարձագանքեց: Ավելի ուշ ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց, որ ռուսական հարթակն ընդունելի է Բաքվի համար, մինչդեռ Երևանն ըստ Բայրամովի՝ վերջին շրջանում անհամաձայնություն է հայտնել այդ հարթակին:
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Մոսկվան եռակողմ հարթակը վերականգնելու ցանկությամբ փորձում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, այդ կերպ սահմանափակելով Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում:
«Այսօր միջազգային ասպարեզում տեղի ունեցող պրոցեսները՝ կապված ռուս- ուկրաինական հակամարտության հետ և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում անդրկուլիսյան հարթակներում, թույլ են տալիս Ռուսաստանին բալանսավորել իր դիրքերը նաև Հարավային Կովկասում: Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համար այս օրհասկան պահին, Բաքվից չմեկնեց Մոսկվա, այլ գնաց Ռուսաստանի հյուսիսկովկասյան երեք հանրապետություններ:
Կարծում եմ, որ բավական լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ամբողջ ռեգիոնում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում գտնվող կովկասյան հանրապետութններում հնարավոր էսկալացիայի կամ որոշակի զարգացումների պարագայում պատրաստ լինելու բոլոր սցենարներին»,- ասում է Վիգեն Հակոբյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի՝ Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ Երևանին մեղադրելու հայտարարությանը, Վիգեն Հակոբյանն ասաց.
«Մոսկվան հստակ ասում է՝ մեզ խոսք են տվել, որ դա պետք է արվի, խոսք են տվել բոլոր մակարդակներով, և՛ թղթի վրա, և՛ բանավոր, Լավրովը միշտ հիշեցնում է ջենտլմենական պայմանավորվածությունների մասին: Կարծում եմ, որ Ռուսաստանն իր պահանջում բավական հետևողական է լինելու, բոլոր մեխանիզմները օգտագործելու է, այդ թվում՝ քարոզչական, քաղաքական, ի վերջո Լուկաշենկոյի հայտարարությունները զուտ իրենը չեն, ոճային առումով իրենն են, բայց պարունակությունը լիովին համաձայնեցված է պաշտոնական Մոսկվայի հետ:
Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված է իր պարտավորություններով, որոնք իր առաջ դրել է Արևմուտքը, որովհետև Հայաստանն այստեղ լուրջ դերակատարում չունի, Հայաստանը պետք է ընդամենը ստորագրի, բայց իրականում հիմնական կռիվը գնում է Արևմուտքի, Հյուսիսի ու Արևելքի միջև, թե ով պետք է վերահսկի այդ ճանապարհը: Որ այդ ճանապարհն այս կամ այն կարգավիճակով լինելու է, ոչ մեկ չի կասկածում, խնդիրն այն է, թե ով է վերահսկելու այն և ինչ գնով, դա կլինի բանակցային մեխանիզմով, թե օրինակ՝ ռազմական»:
Մանրամասները՝ տեսանյութում: