Պուտինը Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԼՂ հայերի անվտանգության ապահովման կարևորությունը

21 Սեպտեմբերի 2023, 15:25

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ընդգծել ԼՂ հայերի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը:

Ինչպես նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում՝ Ալիևը ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահների մեքենայի գնդակոծության հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ: Ըստ էության՝ այսկերպ Ալիևն ընդունել է մեղքը, որ հենց ադրբեջանական կողմն է կրակել ռուս խաղաղապահների ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ երկուստեք նշվել է ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը»,-հայտնում են Կրեմլից: