Պուտինը և Փաշինյանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը
26 Սեպտեմբերի 2025, 10:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք ատոմային ոլորտի զարգացմանը նվիրված միջազգային միջոցառմանը։ Դա բնական է, քանի որ Հայաստանում վաղուց աշխատում է ատոմային էլեկտրակայանը, որն, ինչպես ֆորումում ասացիք, ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Այնուամենայնիվ, դա լուրջ ցուցանիշ է՝ 30%, ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդն ապահովում է ատոմակայանը»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմ»-ը ներկայումս աշխատում է «այդ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու ուղղությամբ»։ «Ուստի ֆորումին Ձեր ներկայությունն, իհարկե, միանգամայն տրամաբանական է»,- նկատել է նա։
Ընդհանուր առմամբ, Պուտինի գնահատմամբ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները «զարգանում են հետևողականորեն, լավ»։ «Գրեթե 11 միլիարդի ապրանքաշրջանառություն, որը կազմում է հանրապետության արտաքին առևտրային շրջանառության 34%-ը։ Մեր վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի առևտրային շրջանառությունը Ռուսաստանի հետ 2024 թ. կազմել է 11,7 միլիարդ դոլար: Հարաբերությունները զարգանում են նաև այլ ուղղություններով»,- հավելել է Պուտինը՝ նշելով, որ հայ գործընկերների հետ միշտ էլ զրուցելու թեմա կա։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «Ատոմային համաշխարհային շաբաթ» ֆորումին մասնակցելու հրավերի համար։ «Այսօր մենք շատ նոր բան իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին։ Շնորհակալ եմ, որ կիսվեցիք։ Իհարկե, ատոմային էներգետիկայի դերն անընդհատ աճում է, և արդեն գլոբալ առումով ատոմային էներգետիկան համարվում է էկոլոգիական էներգետիկա»,- նկատել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ատոմային էներգետիկան շատ կարևոր է։
«Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք ՌԴ-ի հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Մենք հիմա աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար փոքր մոդուլային ատոմային տարբերակների նախագծեր, և, իհարկե, այդ հարցում ևս մենք շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ ակտիվ համագործակցություն է ընթանում «Ռոսատոմ»-ի հետ։
Խոսելով երկկողմ օրակարգի մասին, Փաշինյանը նշել է, որ «հարաբերությունները պլանաչափորեն զարգանում են»։ «Ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվել, և դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց կարծում եմ, որ պետք է համապատասխան աշխատանք տանել այդ թեմայի շուրջ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք մենք ունեցել ենք 2023-2024 թվականներին»,- ամփոփել է նա։