Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Իրանի, Ուկրաինայի և Վենեսուելայի հարցերը

10 Մարտի 2026, 10:06

Քաղաքականություն

ՌԴ նախագահ ​Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը, ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և Վենեսուելային առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

​«Շեշտը դրվել է Իրանի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և ուկրաինական կարգավորման հարցով ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող երկկողմ բանակցությունների վրա»,-ասել է նա։

Զրույցի ընթացքում Պուտինը կոչ է արել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա տարաձայնությունները լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով և ներկայացրել է իր նկատառումներն այդ կապակցությամբ։ Թրամփն իր հերթին գնահատական է տվել իրադարձություններին՝ Իսրայելի հետ համատեղ գործողության համատեքստում։

​Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և տևել է մոտ մեկ ժամ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները կանոնավոր հիմունքներով։ Ուշակովն ընդգծել է, որ այս խոսակցությունը գործնական նշանակություն կունենա։