Փողոցներ դուրս գալով՝ Արցախին չենք կերակրի, պետք է ասեն, թե ինչպես կարող ենք օգնել Արցախին. Գլենդելի նախկին քաղաքապետ
31 Մայիսի 2023, 11:30
Դրոշակներ ծածանելով և փողոցներ դուրս գալով՝ Արցախի ժողովրդին չենք կերակրելու, իրենց անվտանգությունը չենք ապահովելու, պետք է Սփյուռքին ասեն, թե ինչպես կարող ենք օգնել Արցախին ու ժողովրդին: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Արտաշես Քասախյանը:
«Գլենդելում սփյուռքահայերը ցանկանում են Արցախի ժողովրդին օգնել, բայց միջոցները հստակ չեն, ճանապարհը փակ լինելու պատճառով չեն կարողանում: Մեզ պետք է հստակ ասեն, թե ինչպես կարող ենք օգնել Արցախին:
Ադրբեջանի փորը չի կշտացել, Եղեռնը չի դադարեցնելու: Կարծում ենք, որ Արցախի շրջափակումը շարունակվելու է, հետեւաբար պետք է մտածենք, թե այդ դժվար պայմաններում ինչպես արցախահայությանը պահենք իրենց հողում»,- նշել է Արտաշես Քասախյանը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին ընդառաջ հայկական լոբբիստական կազմակերպություններն աշխատում են ամերիկյան կոնգրեսականների, սենատորների հետ, որպեսզի հասկանան նրանց դիրքորոշումը Հայաստանի եւ Արցախի հարցի հետ կապված:
«Սա առիթ է, որից մենք կարող ենք օգտվել եւ մեր ուժը ձգել, ցույց տալ, թե հայկական քվեն որքանով զորավոր կարող է լինել այն նահանգներում, որտեղ հայերի քիչ քվեները կարող են տարբերություն տալ, որովհետեւ տեսնում ենք, որ հանրապետական ու ժողովրդավարական կուսակցությունների միջեւ քվեների տարբերությունը շատ քիչ է:
Դրա համար էլ կարծում եմ՝ բոլոր հայերը, ինչքան էլ, որ տարբեր խնդիրներ ունենան, իրենց թեկնածուներին պետք է հարցնեն, թե ինչ կեցվածք ունեն Հայաստանի ու Արցախի ապահովության շուրջ, կո՞ղմ են շարունակել զինամթերքով օգնել Ադրբեջանին, թե ուզում են պահպանել արդարության կեցվածքը»,- նշել է Արտաշես Քասախյանը: