Փոխվարչապետերի աշխատանքային եռակողմ խմբի ձևաչափից դուրս գալը բացասական հետևանքներ կունենա. Օվերչուկ

19 Հունիսի 2023, 13:00

Կարծիք

Պլատֆորմը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության համաձայն, այն վայրն է, որտեղ մինչ օրս գրանցվել է ամենամեծ առաջընթացը։ Եվ այս ձևաչափից հեռանալը բացասական հետևանքներ կունենա։

Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեր բանակցող գործընկերները համակարծիք են, որ այն հարթակը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության համաձայն, սա այն է, ինչ ասում են և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, այն վայրն է, որտեղ այսօր ամենամեծ առաջխաղացումն է: Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար»,- ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններից, որոնք հրապարակվել են Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո, պարզ է դառնում, որ այդ հանդիպումներում քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր։

«Միևնույն ժամանակ նշվում է կողմերի ձեռք բերած առաջընթացը այս հարցում։ Ինչպես հասկանում եք, այս առաջընթացը ձեռք է բերվել եռակողմ հարթակում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, թեև պարզ է, որ եվրոպացիները դա չեն նշի»,- հավելել է նա։

Պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսված աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով՝ Օվերչուկն ասել է, որ հանդիպումների հստակ ժամանակացույց չկա։