Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում հնչել են Ներսես Շնորհալու շարականները

21 Նոյեմբերի 2023, 09:25

Մշակույթ

Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում կեսօրվա ժամերգությունից հետո Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ Հայկ սարկավագ Ութիջյանի մասնակցությամբ ներկայացվել է Ներսես Շնորհալու հոգեւոր-երաժշտական ժառանգությունը։

Orer.eu-ի փոխանցմամբ՝ հայր Բարսեղը նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2023 թվականը հռչակել է Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի նշանավորման տարի եւ այդ առիթով, նաեւ Պրահայում հիշատակում են հայ միջնադարյան շարականագրության մեծագույն ներկայացուցչին։

Հայր Սուրբը խոսել է Սուրբ Ներսես Շնորհալու կյանքի ու գործունեության մասին , ներկայացրել միջնադարյան շարականագիտության մեջ Շնորհալու ունեցած անգերազանցելի դերը՝ համարելով նաեւ նրան հայ եկեղեցու ամենաարգասավոր հոգեւորականներից ու կաթողիկոսներից մեկը։

Հայր Բարսեղը ներկայացրել է Շնորհալու բանաստեղծություններն ու արձակ գործերը, իսկ շարականների մասին խոսելիս նշել, որ նա թողել է այնպիսի հսկայական ժառանգություն, որն ընդգրկում է հայ առաքելական եկեղեցու բոլոր կարեւոր արարողություններն ու տոները։

Այնուհետեւ Հայկ սարկավագն ու Հայր Բարսեղը երգել են ութ շարական՝ նախապես պատմելով յուրաքանչյուրի նշանակությունն ու իմաստը։