Պրահայում կցուցադրվեն Արցախի թեմատիկայով ֆիլմեր

20 Սեպտեմբերի 2024, 21:22

Մշակույթ

Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կցուցադրվեն Արցախի թեմատիկայով ֆիլմեր։ Պրահայի Skautský institut-ում սեպտեմբերի 30-ին կցուցադրվեն Հասմիկ Մովսիսյանի «250 կմ», Արման Այվազյանի «Քարը», Էմիլի Մկրտչյանի «Մայրենիք», Սաշա Քլամպի «Բլոկադա» ֆիլմերը։

Այս նախաձեռնությամբ հայ-չեխական ČARM կազմակերպությունը միանում է «Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրություններ» նախագծին, որը նվիրված է արցախյան վերջին տարիների իրադարձությունների հիշատակին։ Ծրագիրը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը ուսանողական հաստատությունների և տարբեր կառույցների հետ համագործակցությամբ Երևանում, մարզերում և Սփյուռքում։

Չորս ֆիլմերը ցուցադրվում են ČARM-ի և PlatformDoc-ի համագործակցության շնորհիվ։

«Ուրախ ենք, որ Պրահայում ապրող հանդիսատեսի դատին կհանձնենք վերջին տարիների կինոնկարները՝ Արցախի մասին։ Այս թեմայի միջազգային տարածումը շատ կարևոր է մեզ համար, և նման միջոցառումների շնորհիվ մենք հանրության ուշադրությունը սևեռում ենք մեզ համար կարևոր այդ խնդրին»,-նշում է հայ-չեխական ČARM կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։