Ռուբեն Դիշդիշյանի ֆիլմը «Նիկա» մրցանակի է արժանացել յոթ անվանակարգում

25 Մարտի 2025, 16:27

Մշակույթ

Մոսկվայի «Դիմակ» թատրոնում մարտի 24-ին տեղի է ունեցել «Նիկա» կինեմատոգրաֆիական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմը, որը հիմնված է Միխայիլ Բուլգակովի համանուն վեպի վրա, դարձել է 38-րդ «Նիկա» մրցանակաբաշխության դափնեկիր՝ ստանալով յոթ մրցանակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պրոդյուսերական կազմում ընդգրկվել են նաև Արամ Հովհաննիսյանը, Արամ Մովսեսյանը և Արմեն Հարությունյանը:

Բացի «Լավագույն խաղարկային ֆիլմ» գլխավոր անվանակարգում հաղթելուց, գլխավոր դերակատարներ Եվգենի Ցիգանովը և Յուլիա Սնիգիրը նույնպես արժանացել են մրցանակների` «Լավագույն տղամարդու դեր» և «Լավագույն կանացի դեր» անվանակարգերում։

«Նիկա» մրցանակը սահմանվել է 1987 թվականին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության քարտուղարության կողմից: Հաղթողները որոշվում են Կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամների գաղտնի քվեարկությամբ և ստանում են մրցանակ՝ հունական դիցարանի թևավոր աստվածուհի Նիկայի արձանիկը: