Փաշինյանն Արցախի պահպանմանը նախընտրեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը»
08 Հուլիսի 2025, 19:00
(Ե՞րբ է ընդունվել Հայաստանի մասնատման որոշումը)
«Այն տեղեկությունների հրապարակումից հետո, որ հուլիսի վերջին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբայում բանակցությունների համար, Թուրքիայի նախագահը հրապարակել է հերթական պայմանավորվածությունը, որին հասել էին հունիսի 19-ին և 20-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Թուրքիա կատարած այցերի ժամանակ։
Էրդողանը կարծում է, որ Հայաստանը սկսել է ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հարցում։ «Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ դրսևորում է ավելի ճկուն դիրք՝ մասնակցելու տնտեսական ինտեգրման գործընթացին։ Տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի, մեզ, Իրանի ու այլ երկրների համար։ «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլ ամբողջ տարածաշրջանին։Մենք այդ գիծը դիտարկում ենք ոչ միայն որպես աշխարհաքաղաքական,այլ նաև աշխարհատնտեսական հեղափոխության մաս»,- Ադրբեջանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
Նրա խոսքերում ոչ մի նոր բան չկա։ Տարբերությունը միայն այն աշխարհաքաղաքական իրավիճակն է, որում արվել է այս հայտարարությունը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը, Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանի ոչնչացումից և Բաքվի անօրինական եկամուտներին հարվածելուց հետո, մտել են առճակատման փուլ։ Իրանը թուլացել է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ 12-օրյա պատերազմից։ Ավելին, իրանցի «բարեփոխիչ նախագահ» Մասուդ Փեզեշքիանը լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից իրանական միջուկային կենտրոնների և օբյեկտների վրա անօրինական հարձակումների հետևանքով շատ սարքավորումներ և օբյեկտներ լրջորեն վնասվել են, և Թեհրանը ներկայումս դրանց հասանելիություն չունի։
Էրդողանն ու Փաշինյանը երկար ճանապարհ են անցել մինչև միջանցքի բացման «ճկուն մոտեցման» մասին այս հայտարարությունը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որի 9-րդ կետում խոսում էր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Պայմանականորեն, արդեն 2020 թվականի նոյեմբերի 10-ից Ադրբեջանը սկսեց տարածել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին թեզը, ինչը հայկական ներքաղաքական դիսկուրսի շրջանակներում հաղորդակցությունների ապաշրջափակման թեման դարձրեց թունավոր։ Այս թեման հեշտությամբ մանիպուլացվում էր փաշինյանական քարոզչության կողմից։
Փաշինյանը հաճույքով օգտվում էր այս «ալիևական նվերից», և քարոզչության մեջ ամեն ինչ տարվում էր նրան, որ «ադրբեջանցիները պահանջում են «Զանգեզուրի միջանցք», քանի որ գոյություն ունի Լաչինի միջանցք, քանի որ կա նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որում խոսվում է նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահների մասին, ուստի պետք է ազատվել Արցախից, որպեսզի բոլոր այդ խնդիրները լուծվեն»։
Ի վերջո, իրավիճակը հանգեց նրան, որ Լաչինի միջանցք չկա, հայկական Արցախ չկա, իսկ Ադրբեջանն ու Անկարան շարունակում են պահանջել «Զանգեզուրի միջանցքը»։ Հենց միջանցքը, այսինքն՝ արտատարածքային հաղորդակցություն, որը Հայաստանը չի վերահսկի։ Այս իրավիճակում կարևոր է միայն հետևյալը. հասկանու՞մ էր արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը հանձնելուց հետո էլ Ադրբեջանն ու Թուրքիան հենց միջանցք են պահանջելու։
Նա գիտեր։ Նա դա գիտեր դեռևս 2001 թվականին, երբ գրում էր հետևյալ տողերը. « Հիմա Հայաստանը աշխարհաքաղաքական գործոն է, ու լուրջ գործոն, նաև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ (որից այդքան ընդունված է բողոքել): Բայց այսօր՝ ուրիշի ծրագրերին խանգարող աշխարհաքաղաքական գործոն: Իհարկե ոչ ոք երբեք անվերապահ չի տրվում իր հարևանների ծրագրերի իրականացմանը, և փորձում է դրանք համատեղել սեփական շահերի հետ: Մեր դեպքում, սակայն, զավեշտն այն է, որ Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»։
2020 թվականի նոյեմբերի 9-ի ընդունելի ռուսական առաջարկի փոխարեն, որոնք ներառում էին Արցախի պահպանումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը հայկական ինքնիշխանության ներքո, բայց ՌԴ ԱԴԾ սահմանապահների ներկայությամբ (որոնք արդեն տասնամյակներ շարունակ կանգնած են Իրանի և Թուրքիայի սահմանին), Նիկոլ Փաշինյանն ընտրեց մի տարբերակ, որի դեպքում չկա ո՛չ Ղարաբաղ, ո՛չ Հայաստանի ինքնիշխանություն այս միջանցքի նկատմամբ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։