Տնտեսության երբեմնի աճը դանդաղել է
29 Հուլիսի 2025, 18:20
Հայաստանի տնտեսական ակտիվության աճը շարունակում է պահպանվել համեմատաբար բարձր տեմպի ներքո: Այս տարվա հունիսին, 2024թ-ի հունիսի համեմատ ՏԱՑ-ն ավելացել է 8,8%-ով: Տնտեսական ակտիվության՝ կուտակային ցուցանիշի աճը կազմում է 6,3%. խոսքն այս տարվա հունվար-հունիսի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած աճին է վերաբերում:
Նախ, նշենք, որ չնայած ՏԱՑ-ի 6.3 % աճը վատ ցուցանիշ չէ մեզ համար, սակայն սա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընթացքում արձանագրած աճի համեմատ գրեթե կրկնակի պակաս է: Հիշեցնենք՝ 2024թ-ի հունվար-հունիսին 2023թ-ի հունվար հունիսի համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել է 10.4 %, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում՝ 11,4%: Նորից ֆիքսենք՝ 11,4 %, 10.4 % և 6,3% երեք տարիների նույն ժամանակաշրջանների համար: Այսինքն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դանդաղում է:
Վիճակագրության համեմատությունն, իհարկե, ընդհանուր առմամբ ներկայացնում է պատկերը, այն է՝ կա աճի դանդաղում, դա ունի նաև վիճակագրական հիմնավորում՝ ի դեմս բազային էֆեկտի և այլն: Բայց շատ ավելի կարևոր է այդ աճի բովանդակության հստակեցումը, կամ ավելի պարզ՝ ինչի հաշվին է աճում տնտեսությունը, որն էլ պատճառահետևանքային կապ ունի հարցադրման հետ՝ ավելանու՞մ է արդյոք դրանից բնակչության կենսամակարդակը: Իսկ բովանդակության մեջ մենք ունենք ոչ արժեքահեն տնտեսություն:
Հայաստանի տնտեսությունն, ընթացիկ վիճակագրության հավաստմամբ, ավելանում է շինարարության (+ 18.5 %), ծառայությունների (+ 9,8 %) և առևտրի (+ 3,9 %) հաշվին: Գյուղատնտեսության 7,3 տոկոս աճն իհարկե ուրախալի է, սակայն տնտեսության մեր այս կարևոր ուղղության հետ կապված մենք ունեինք նախ տևական ժամանակ բացասական կամ զրոյական աճեր և այսօր դեռ չենք կարող պնդել՝ ներկայիս աճը ժամանակավո՞ր գործոնների ազդեցությամբ է պայմանավորված, թե՞դրական տեղաշարժեր կան:
Անշուշտ մտահոգիչ է արդյունաբերության շարունակական անկումը, որում բավական մեծ նպաստ ունի արտաքին գործոնի չեղարկումը: Այս իմաստով ևս ժամանակ է պետք՝ հասկանալու, թե արդյունաբերության զարգացումները երբ կվերադառնան բնականոն հուն և ինչ պատկեր կարտացոլեն: Թեև այստեղ մտահոգվելու առիթ, կարծես թե ունենք, քանի որ խնդիրը միայն բազային էֆետկի մեջ չէ, այդ մտահոգություններն արտացոլվում են նաև խոշոր հարկատուների ցանկով: Մասնավորապես, խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է տեխնիկայի ներմուծմամբ և վերաարտահանմամբ զբաղվող ընկերություն, հազար խոշոր հարկատուների ցանկում են ՀՀ բանկերը: Ի դեպ, ծառայությունների շարունակական աճին նաև բանկային ծառայությունների աճն է նպաստում: Իսկ հանքարդյունաբերության խաղացող, խոշոր հարկատուների ցանկի՝ գրեթե մշտապես առաջատար ընկերությունը զիջել է դիրքերը: Սա խոսուն պատկեր է՝ տնտեսության իրական հատվածում տեղի ունեցող զարգացումների:
Հայաստանի տնտեսությունը, փաստացի, աճում է սպառման և ոչ՝ արժեք ստեղծելու հաշվին, ինչը երկարաժամկետ կտրվածքով լուրջ մարտահրավերներ է առաջացնում: