Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հաց ավելի քիչ է արտադրվում, ավելի թանկ՝ վաճառվում

23 Սեպտեմբերի 2025, 18:15

Եվրասիական զարգացման բանկի զեկույցի համաձայն՝ Հայաստանի իրական արդյունաբերությունն անդամ երկրների շարքում ամենամեծ անկումն է գրանցել այս տարվա առաջին կիսամյակում։ Մասնավորապես, Հայաստանն 9,8 տոկոս անկումով իրական արդյունաբերության արտադրանքի ամենացածր մակարդակն է ապահովել։

Նախ հասկանանք՝ ինչ ցուցանիշներ ունենք արդյունաբերության հետ կապված։ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին արդյունաբերության ծավալները կրճատվել են 9,8 տոկոսով։ Ընդհանուր ցուցանիշի վրա ազդել է մշակող արդյունաբերության անկումը՝ 16,1 տոկոս։

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում Հայաստանի արդյունաբերության ոլորտում և արդյոք պետք է մտահոգվել։

Նախ նշենք, որ սպասելի էր առավել քան, որ հենց մշակող արդյունաբերության անկումն է այսօրվա պատկերի պատճառը։ Մասնավորապես, հիմնական մետաղների շուրջ 70 տոկոսանոց անկումը պայմանավորված է նրանով, որ ոսկի չի վերաարտահանվում, ինչն էլ հանգեցրել է խոշոր անկման։ Միաժամանակ մաշկող արդյունաբերության մյուս ճյուղերում իրավիճակն առնվազն այս պահին կայուն չէ։

Այս համատեքստում չենք կարող շրջանցել սննդամթերքի արտադրության 5.5 տոկոսանոց աճը։ Իհարկե լավ է, որ սննդամթերքի արտադրությունն աճ է արձանագրել, բայց դրա ներքո էլ պատկերը ոչ միանշանակ է: Օրինակ՝ անկումային են կարագի, կաթ, երշիկեղենի և այլ մսամթերքի արտադրությունները, հացի արտադրության աճն, օրինակ, զրոյական՝ 0,1 % է կազմում և այլն: Գների հետ համադրության համատեքստում ևս մեկ մտահոգիչ պատկեր՝ հացի զրոյական աճն ու 3,5 տոկոս թանկացումը։ Այսինքն՝ ավելի քիչ արտադրվում է, ավելի թանկ վաճառվում։

Մակարոնեղենի արտադրությունն էլ կրճատվել է 29.5 տոկոսով։ Սա մտահոգիչ է, եթե հիշենք, որ մակարոնեղենը մեր երկրում 5.9 տոկոսով թանկացել է: Մի կողմից արտադրության անկում, մյուս կողմից գնաճ, և չի բացառվում, որ սեփական արտադրության անկումը, ապրանքների գների կախվածությունն է մեծացնում ներմուծումից։

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա կոնյակը 32.9 տոկոսով քիչ է արտադրվել, ինչը ևս մտահոգվելու առիթ է տալիս՝ հաշվի առնելով ավանդաբար արտահանվող ապրանքատեսակ լինելու հանգամանքը:

Այսինքն՝ մեր արդյունաբերության ոլորտում ունենք մի կողմից սպասելի անկում հայտնի արտաքին ազդեցության չեղարկմամբ պայմանավորված, մյուս կողմից՝ իրական արտադրության հետ կապված ոչ միանշանակ պատկեր։

Վերադառնալով ԵԶԲ-ի գնահատականին՝ նշենք, որ կառույցի մասնագետներն անդամ-երկրների թվում բարձր են գնահատել ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, շինարարական աշխատանքների ծավալների աճը։ Վերջինիս 20,2 տոկոս աճի ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Ղրղզստանին։

Նորից կրկնենք՝ արդյունաբերության ծավալներով ամենացածրն ենք, շինարարական աշխատանքների ծավալներով՝ ամենաբարձրը։ Իսկ ի՞նչ է կատարվում շինարարական նշանակության արտադրության հետ։

Օրինակ՝ ցեմենտի արտադրությունը նվազել է 15,5 տոկոսով, գիպս և գաջ ապրանքախմբի անկումը 9,1 տոկոս է, ապրանքային բետոնինը՝ 12,4 տոկոս։ Պետք է նշել, որ այս շարքը շարունակելի է; Այսինքն՝ շինարարության ծավալներն աճում են, բայց շինարարական նշանակության արտադրությունը նվազում է։ Ստացվում է, որ այս ոլորտում էլ կա աճ, բայց դա դեպի տնտեսություն առանձնապես կապիտալիզացիա չի ապահովում։ Թողնենք շինարարության ծավալների աճի պատճառը, դա ներառական կարելի էր համարել, եթե գոնե այդ ոլորտի հետ կապված ենթաուղղություններն օգտվեին ստեղծված թեկուզ ժամանակավոր պահից, բայց փաստացի այդպես չէ։

Ինչպես մեր տնտեսական աճի փուչիկն է խիստ ժամանակավոր ու ոչ ներառական, այնպես էլ դրա առանձին ուղղություններում է նույն պատկերը։