(«Սիրո և համերաշխության հեղափոխությունը» խժռում է դպրոցականներին)
«Հայաստանի քաղաքական ուղին հասել է այն օրհասական կետին, որից այն կողմ նույնիսկ «մարդու իրավունքների» մասին դեկլարատիվ հայտարարությունները դադարում են գոյություն ունենալ, իսկ վախը գերակշռում է նախընտրական նպատակահարմարությանը։ Ցանկացած իշխանություն, որն օժտված է ինքնապահպանման գոնե նվազագույն բնազդով, ընտրական փուլերի նախաշեմին ձգտում է հարթել սուր անկյունները՝ խուսափելով առավել ակտիվ սոցիալական խմբերի հետ ուղղակի առճակատումից։ Սակայն հայաստանյան իրականության մեջ վարչապետի աթոռը կորցնելու վախը գերակշռում է թե՛ ողջախոհ հաշվարկները, թե՛ բարոյական արգելակները։։
18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի երկամսյա կալանավորումը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով ոչ միայն իրավական խափանման միջոց է, այլև խորհրդանշական ակտ, որտեղ Նիկոլ Փաշինյանի անձնական անդորրի զոհասեղանին է դրվում երիտասարդի ճակատագիրը։ Այս դեպքը չի կարելի դիտարկել Նիկոլ Փաշինյանի կառավարման ընդհանուր համատեքստից դուրս, ում «հեղափոխությունը» գործնականում ցույց է տալիս նրանց ոչնչացնելու ունակությունը, որոնք պետք է դառնային երկրի ապագան։ Իշխանությունը թիրախավորում է արդեն քաղաքացիների երկրորդ սերունդը՝ նրանց զրկելով արժանապատվության և անվտանգության իրավունքից։
Առաջին կորուսյալ սերունդը դարձան այն երիտասարդ տղաները՝ ժամկետային զինծառայողները, որոնք զոհվեցին Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ ողբերգությունը հավերժ կմնա որպես արյունահոսող վերք, հատկապես հենց վարչապետի ցինիկ խոստովանության ֆոնին։ Նրա խոսքերը, թե «մենք կարող էինք ունենալ նույն արդյունքը, ինչ հիմա, բայց առանց զոհերի», եթե ժամանակին ընդունվեին համապատասխան քաղաքական որոշումներ, հնչում են որպես այդ ժամանակաշրջանի պետական ռազմավարության վերջնական դատավճիռ։
Բացարձակ ազատության խոստումներով սկսած իշխանությունն այսօր իրեն այնքան խոցելի է զգում, որ էկզիստենցիալ սպառնալիք է տեսնում իր արժեքները կամ հավատքը պաշտպանող դպրոցականի մեջ։ Նիկոլ Փաշինյանի համար անձնական իշխանության պահպանումը դարձել է ինքնանպատակ, հանուն որի նա պատրաստ է տրորել աճող սերնդի շահերը։ Ազգի ապագան հենց այն 18-ամյա տղաներն են, որոնք այսօր պետք է սովորեն համալսարաններում, տիրապետեն մասնագիտությունների կամ ազնվորեն ծառայեն զինված ուժերում։ Դրա փոխարեն պետական մեքենան նրանց առաջարկում է բանտի ճաղավանդակները՝ որպես վճար պաշտոնական կուրսի հետ անհամաձայնության համար։ Նման քաղաքականությունն անխուսափելիորեն տանում է պետական հիմքերի քայքայմանը, քանի որ սասանում է երիտասարդության վստահությունը սեփական երկրում արդարադատության և օրինականության գաղափարի հանդեպ։
«Երեխա-քաղբանտարկյալ»․ Հայաստանի պատմության մեջ բացվում է նոր ու խայտառակ էջ։ 18 տարեկանն այն տարիքն է, երբ երիտասարդը պետք է սովորի համալսարանում կամ ծառայի բանակում, այլ ոչ թե նստի բանտում քաղաքական կամ կրոնական հայացքների համար։
Մտածե՛ք այդ մասին…»։