2024թ․-ը՝ քաղաքացիների վարկային բեռի ավելացման տարի
25 Դեկտեմբերի 2024, 19:00
Անցնող տարին բավական շահութաբեր էր բանկային համակարգի համար։ Բանկերի զուտ շահույթն այս պահի դրությամբ արդեն իսկ 300 մլրդ դրամ է։ Շահութաբերությունն ապահովվել է ադ թվում վարկերի հաշվին՝ տրված ֆիզիկական և իրավաբանական անձանց ։
Այսպիսով, վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23%-ով՝ կազմելով մոտ 5,5 միլիարդ դրամ։ Ընդ որում հայկական դրամով միջին տոկոսադրույքը գրեթե 14 % է կազմել, արտարժույթի համար՝ 8,4 %։
Հետաքրքիր պատկեր ունենք վարկային պորտֆելի կառուցվածքում։ Մեծ մասնաբաժինը հիփոթեքային ու սպառողական վարկերն են։ Ավելի քիչ են բիզնես վարկերը, ինչը խոսում է տնտեսության իրական պատկերի մասին։
Միայն հիփոթեքային ու սպառողական վարկերի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ ձգտում է գրեթե կեսին։ Փոխարենը օրինակ գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 5,8 տոկոսը, հանքագործությանը՝ 1,8 տոկոս, մշակող արդյունաբերությանը՝ 5,1 տոկոս։
Փոքր-ինչ ավել տեսակարար կշիռ ունեն շինարարության ու առևտրի ուղղություններին տրված վարկերը, սակայն դրանք հիփոթեային ու սպառողական վարկերի հետ կարելի է տեղավորել նույն ազդեցությունների զամբյուղում։
Իհարկե դրական է բանկային համակարգի նման արդյունքը, սակայն քաղաքացու համար սա մեծ բեռ է, ընդ որում երկարաժամկետ, որի սպասարկման երաշխիքներ այսօրվա տնտեսական քաղաքականությունը չի տալիս։