ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ
12 Հունվարի 2025, 20:00
«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ. Հայաստան. Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:
Նա թերահավատ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության կգան ու կստորագրեն այդ փաստաթուղթը, որի շուրջ բանակցում են 4 տարի։
«Ամբողջ ռեգիոնը զինվում է, Ադրբեջանը ինտենսիֆիկացրել է այն զինտեխնիկան, որը մտնում է իր երկիր, տարբեր երկրներից, այդ թվում եվրոպական այն երկրներից, որոնք փափուկ բարձ են դնում կամ դերասանություն են անում Հայաստանի շահերի մասին խոսելիս՝ Իտալին, Բուլղարիան։ Բաքուն Պակիստանից է կործանիչներ ձեռք բերում, հավակնություններ ունի Հնդկաստանից զենք գնելու։ Ակնհայտ է, որ Իրանի շուրջ ռազմական պրոցեսներ են գեներացվելու, Թուրքիան ներգրավվել է Սիրիայի պրոցեսներում և իր՝ նեոօսմանականության գաղափարախոսության ներքո ակտիվորեն ներգրավելու է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերությունները, Վրաստանում էլ իրավիճակը կայուն չէ ու դրանից հետո մենք լսում ենք մանկամիտ, օտար շահ սպասարկող չինովնիկների, որոնք խոսում են խաղաղության խաչմերուկներից։ Խաչմերուկները ճանապարհների ամենավտանգավոր տեղերն են, որտեղ հիմնականում վթարներ են տեղի ունենում, իսկ մեր ռեգիոնում ի՞նչ խաչմերուկի մասին է խոսքը, կամ ո՞ր մի պայմանագիրն է խաղաղության երաշխավոր, ոչ մեկը, բազմաթիվ պայմանագրեր պատերազմների հետևանքով չեղարկվել են ու նորերն են կնքվել, անվտանգության հիմնական երաշխիքը ուժային բալանսն է, որը Հայաստանը 2018-ից հետո չունի»,- ասում է Ալեն Ղևոնդյանը։
Նրա համոզմամբ, քաղաքական որոշում կա իրագործել «Զանգեզուրի միջանցք» կոչված նախագիծը, որի մասին պարբերաբար խոսում են Բաքուն ու Անկարան։ Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող Սյունիքով անցնող ճանապարհը, որը թուրքադրբեջանական տանդեմն անվանում է միջանցք, Երևանը վաղուց է համաձայնել տալ։
«Բաքուն Հայաստանի ղեկավարից վաղուց ստացել է դրական պատասխան։ Մինչև 2018 թվականը այդ ամեն ինչը պլանավորված է եղել։ Այնպես չի, որ Հայաստանում իրավիճակ փոխվեց, նոր հիշեցին, որ «Զանգեզուրի միջանցքի» օրակարգ կա։ Ովքե՞ր են ֆինանսավորել Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը», ովքե՞ր էին հայտարարում, որ ցանկացած ոտնձգություն գործող վարչապետի նկատմամբ, դա ՀՀ-ի անվտանգության հետ լուրջ սպառնալիքների հիմքեր կարող է ծնել, Թուրքիան ու Ադրբեջանը։ Կա քաղաքական որոշում, խնդիրը այդ որոշման փաթեթավորման մեջ է, իսկ փաթեթավորումն այստեղ դաշնակցային կամ հակադիր հարաբերությունների օրակարգում չէ, օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կետ կա, որով Հայաստանը հանձնառություն է ստանում, որ հնարավոր կոմունիկացիաների բացման պարագայում Սյունիքով անցնող ինչ-որ կոմունիկացիայի վրա պետք է լինեն ՌԴ սահմանապահները, բայց Փաշինյանը ԱԺ ամբիոնից ստում է ու ասում, որ էդպիսի բան չկա, իսկ հետո խոսում են ինչ-որ պահնորդական ընկերության մասին, որը ենթադրում է, որ ով կֆինանսավորի այդ ծառայությանը, ըստ նրա օրակարգի էլ նա կաշխատի։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի իշխանությունը թուրքական շահի սպասարկու է»,- ասում է Ղևոնդյանը։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Ալեն Ղևոնդյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն վաճառել ինչ-որ բևեռի ու հիմնական շահառուն Թուրքիան է։ Նրա խոսքով՝ Փաշինյանի առաքելությունը Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է։
«Երբ մենք ասում ենք արևմտյան կուրս, պետք է հասկանանք, որ դա Թուրքիան է, որովհետև ԵՄ-ին Հայաստանը հետաքրքիր չէ, բացառապես նրա, որ ՀՀ-ն կարող է հակառուսականություն արտահանել, ռուսներն էլ կթողնեն, կգնան, և ՀՀ-ի աշխարհաքաղական բովանդակությունը ոչ մի բան կլինի։ ԵՄ-ից բազմիցս հայտարարել են, որ մեր ռեգիոնալ գործընկերը Թուրքիան է, բայց պետք է հասկանալ, որ Թուրքիան միշտ ավելի շատ իր շահերով է խաղում, իսկ Փաշինյանը հասկանում է, որ տնտեսությունը կախված է ԵԱՏՄ-ից և Արևմուտքից էդքան փող չեն ուղարկի, որպեսզի կարողանա ինչ-որ սեգմենտի մասով լրացում անել։ Հայկական շուկան մրցունակ չէ, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հայկական գյուղատնտեսությունը կմեռնի։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այնուամենայնիվ մենք դուրս ենք գալու այդ կառույցից, իրենք Բաքվի կամ Անկարայի հետ փորձելու են ռազմական գործողություն բեմադրել, ռուսների պահվածքը հեղինազրկել։ Ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է Հայաստանից հանվի, որովհետև դա գեոպոլիտիկ բովանդակություն ունի, ՀՀ գործող վարչապետի 2-րդ կարևոր առաքելությունը դա է»,- ընդգծում է Ալեն Ղևոնդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: