2026 թվականը կորոշի Ալիևի պահանջների սահմանները Հայաստանի նկատմամբ
31 Դեկտեմբերի 2025, 12:15
(Ադրբեջանը կշարունակի իր հարձակումը)
«Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական գործընթացը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ներկայացվում էր որպես «վերջնագիծ՝ պատմական խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ», իրականում ավելի ու ավելի է հիշեցնում «շարժական դարպասների» ռազմավարությունը։ Հենց որ կողմերը, իբր, մոտենում են փոխհամաձայնության հարցերի մի բլոկի շուրջ, ադրբեջանական կողմն առաջ է քաշում նոր, ավելի կոշտ պայմաններ, որոնք շոշափում են ոչ միայն Հայաստանի իրավական դաշտը, այլև նրա ինքնիշխան վերահսկողությունը սեփական տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունները և նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովի հնչեղ թեզերը թույլ են տալիս փաստել, որ Բաքուն վերջնականապես տեղափոխել է խաղաղության ստորագրման հարցը վերջնագրերի տիրույթ, որտեղ առանցքային տարր է դառնում TRIPP տրանսպորտային նախագծի իրականացումը։
Տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Ջեյհուն Բայրամովը նախապայմանների նոր կառուցվածք մատնանշեց. այժմ Բաքվի համար բավարար չէ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որտեղ ադրբեջանական կողմը տեսնում է «թաքնված տարածքային հավակնություններ»։ Այս ցանկին պաշտոնապես ավելացվել է «TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման» պահանջը։ Այս հապավման տակ, որը հայտնի է որպես «Թրամփի ուղի», թաքնված է ադրբեջանական տրանսպորտային միջոցների շարժը Հայաստանի տարածքով առանց մաքսային և սահմանային զննման ապահովելու պայմանը։
Ըստ էության, խոսքը գնում է արտատարածքային միջանցք ստանալը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դարձնելու փորձի մասին, սակայն միջազգային նոր քողի տակ՝ կողմնորոշված դեպի ԱՄՆ շահերը։ Բայրամովն ուղղակիորեն ընդգծել է, որ նախագիծը չափազանց կարևոր է Վաշինգտոնի համար՝ փորձելով այդպիսով լեգիտիմացնել Բաքվի պահանջները որպես Վաշինգտոնի գլոբալ լոգիստիկ օրակարգի մաս։ Սակայն Հայաստանի համար այս պայմանը դիտվում է որպես ուղղակի մարտահրավեր պետական ինքնիշխանությանը, քանի որ սեփական տարածքում վերահսկողական գործառույթներից հրաժարումը փաստացիորեն Սյունիքի մարզը վերածում է սահմանափակ պետական ներկայության գոտու։
Երևանին կանգնեցնելով «երթուղու իր հատվածի պատրաստ լինելու» փաստի առաջ՝ Ադրբեջանն այժմ Երևանից պահանջում է սինխրոն գործողություններ ՀՀ-ից։ Ընդ որում, Բայրամովը բացահայտ հայտարարում է, որ առանց Բաքվի հետ համագործակցության նախագիծն անհնար է, քանի որ երթուղու թե՛ մուտքի, թե՛ ելքի կետերը վերահսկվում են իր կողմից։ Այլ կերպ ասած՝ Բաքուն սպառնում է ընդհանրապես չապաշրջափակել հաղորդակցությունները։ Սա տրանսպորտային հարցը վերածում է քաղաքական շանտաժի գործիքի. խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հասանելիություն չի ստացել ուղիներին իր պայմաններով։ Նման դիրքորոշումը կասկածի տակ է դնում Բաքվի մտադրությունների անկեղծությունը՝ բանակցային գործընթացը վերածելով թուլացած մրցակցի կողմից զիջումների անվերջ սպասման։
Իրավիճակն էլ ավելի է սրվում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի հայտարարությունների ֆոնին, ով քննարկումը տարանցման հարթությունից տեղափոխում է սեփականության հարթություն։ Վիճարկելով ռուսական կողմի՝ ի դեմս ՀԿԵ-ի (Հարավկովկասյան երկաթուղի) և Հայաստանի իրավունքները Մեղրիի երկաթգծի նկատմամբ՝ Զուլֆուգարովը հղում է անում Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությանը (չնայած, համաձայն սեփական Սահմանադրության, Ադրբեջանը մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն է) և Ալմա-Աթայի հռչակագրին։ Նրա թեզն առ այն, որ այդ գիծը հանդիսանում է Ադրբեջանի սեփականությունը, վտանգավոր նախադեպ է ստեղծում։
Եթե պաշտոնական Բաքուն ընդունի այս հռետորաբանությունը, խոսքն արդեն գնալու է ոչ թե պարզապես անցման իրավունքի, այլ Հայաստանի սահմանների ներսում գտնվող բուն ենթակառուցվածքի նկատմամբ հավակնությունների մասին։ Սա արմատապես փոխում է խաղի կանոնները. փոխզիջումների փնտրտուքի փոխարեն առաջ է քաշվում խորհրդային սեփականության ռեստիտուցիայի (վերադարձի) պահանջը, ինչը վերջնականապես իրավական փակուղի է մտցնում բանակցությունները։
Այս համատեքստում հարց է առաջանում. արդյոք Բաքվի ներկայիս ակտիվությունը նախապատրաստություն է խաղաղությանը, թե՞ սա լոկ մարտավարական դադար է։ 2023 թվականի իրադարձությունները, որոնք ավարտվեցին Արցախում էթնիկ զտումներով, շատ փորձագետներ հակված են դիտարկել ոչ թե որպես հակամարտության ավարտ, այլ որպես դրա փուլերից մեկի եզրափակում։ Ադրբեջանի այսօրվա հռետորաբանության մեջ նկատվում է Երևանին հյուծելու գիծ։
Առաջադրելով կանխամտածված դժվար իրականալի պահանջներ՝ մայր օրենքի փոփոխությունից մինչև ճանապարհների նկատմամբ վերահսկողության հանձնում, Ադրբեջանը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ «խաղաղության պայմանագիրը դառնում է անհնար Հայաստանի մեղքով», ինչը կարող է հիանալի առիթ դառնալ նոր «ռազմական ցատկի» համար։ Եթե նույնիսկ պահանջը կատարվում է, ապա Հայաստանը դադարում է լինել նույնիսկ ձևականորեն ինքնիշխան պետություն։
Մտածե՛ք այդ մասին․․․»։