3 մլն եվրո՝ «Հայկական կոնյակ» չարտադրելու դիմաց. «Ուշադրությունից դուրս»
07 Դեկտեմբերի 2025, 14:00
«Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ո՛նց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ»,- Կառավարության նիստերից մեկում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դեռ 2021 թվականի հունիսի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի ու Եվրամիության միջև մի համաձայնագրի, որի նպատակն էր խթանել ՀՀ-ում ծագող ապրանքների համար ԵՄ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման «սահուն և արդյունավետ դադարեցումը»։ Եվրամիությունն այս գործընթացի համար Հայաստանին պետք է հատկացնի 3 մլն եվրո։
«Հայկական կոնյակ» բառակապակցությունը շուտով հնարավոր կլինի օգտագործել միայն տանը՝ խոհանոցում, սեղանի շուրջ ընտանեկան միջոցառումների ժամանակ, բայց շշի պիտակին կոնյակի փոխարեն պետք է այլ բառ գրված լինի, օրինակ՝ հայկական բրենդի։
Դեռ 2017-ին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը պարտավորություն վերցրեց «կոնյակ» ապրանքանիշը չօգտագործելու: Մինչդեռ պարտավորությունները դեռ միայն ԵՄ անդամ երկրներ արտահանման մասին են։ 20 տարի հետո, սակայն, Հայաստանը չի կարողանա «կոնյակ» ապրանքանիշն օգտագործել նաև երկրի ներսում։
AlphaNews-ի հետ զրույցում ոլորտի մասնագետները նշում են, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա պետությունը կարող էր այլընտրանքային միջոցներ ձեռնարկել ապրանքանիշի օգտագործման արգելքից խուսափելու համար։
Ոլորտի մասնագետներն այսօր հայկական կոնյակի նոր անվան որոնումների մեջ են։ Համաշխարհային շուկայում արդեն իսկ հայտնի հայկական կոնյակը փաստացի կանգնած է գրեթե զրոյից շուկա մտնելու և ճանաչելի դառնալու խնդրի առաջ։ Այս գործընթացը պահանջելու է հսկայական ֆինանսական ներդրումներ, մարքեթինգային լուծումներ և տարիների հետևողական աշխատանք՝ նոր ապրանքանիշի նկատմամբ վստահություն ձևավորելու համար։ Իսկ այդ ընթացքում մրցակից երկրներ, օրինակ՝ Վրաստանը, էլ ավելի կամրապնդի իր դիրքերը շուկայում, քանի որ Վրաստանը չունի «կոնյակ» ապրանքանիշն օգտագործելու պարտավորություն։
Արդյոք հայ-ֆրանսիական հարաբերությունները կարելի է օգտագործել «կոնյակ» ապրանքանիշի օգտագործման իրավունքները վերականգնելու համար, և անվանափոխությունը կոնյակ արտադրողների համար տնտեսական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
AlphaNews-ը թեման քննարկել է ոլորտի մասնագետների հետ։