Ի՞նչ են փորձում ՀՀ իշխանություններին փոխանցել Լավրովն ու Պեսկովը
07 Մարտի 2024, 12:10
(Երկու երկրների միջև քաղաքական երկխոսության պատմական պատուհանը դեռ բաց է)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի իշխանությունում, ինչպես աշխարհի ցանկացած այլ երկրում, կան տարբեր թևեր, որոնք տարբեր տեսակետներ ունեն (երբեմն՝ տրամագծորեն հակառակ) այս կամ այն իրադարձությունների, խնդիրների և գործընթացների վերաբերյալ։ Այսպես, վերլուծելով նույնիսկ ռուսական տնտեսության մեջ ներքին ներդրումների խթանման օրինակը, մենք տեսնում ենք, որ Միխայիլ Միշուստինի գլխավորած կառավարության դիրքորոշումը տարբերվում է ՌԴ Կենտրոնական բանկի, ֆինանսական և վարկային քաղաքականության պատասխանատուների դիրքորոշումներից։ Դրա վկայությունն է 2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունում սկսված տնտեսական աճը՝ ռազմարդյունաբերական համալիրում վիթխարի ներդրումների ֆոնին, ինչը, նույնիսկ ԱՄՀ-ի (ВТО) կարծիքով, ՌԴ տնտեսությունը դարձրել է Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունը 2023 թվականին: Տնտեսական աճ, որը փաստացի կասեցվել է ՌԴ Կենտրոնական բանկի քաղաքականությամբ, որը սկզբում նպաստել է ռուբլու արժեզրկմանը, իսկ հետո գնաճը կասեցնելու պատրվակով իրականացրել է վարկավորման հիմնական տոկոսադրույքի մի քանի բարձրացման 2023 թվականին։
Ճիշտ նույն տրամագծորեն հակադիր մոտեցումները եղել են և կան Ռուսաստանի իշխանություններում 2018 թվականից Հայաստանում ծավալվող գործընթացների վերաբերյալ։ Ռուսական քաղաքական դասի մի մասը 2018 թվականին տեղի ունեցածը դասական «գունավոր հեղափոխություն» համարեց, որը պետք է կանխորոշեր պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության «հեղափոխական իշխանությունների» նկատմամբ։ Ռուսական իսթեբլիշմենթի մյուս մասն ի սկզբանե Հայաստանի իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կողմնակից էր, նույնիսկ չնայած Հայաստանի նոր իշխանությունների քաղաքական կենսագրությանը։
Պատահական չէ, որ 2023-ի արցախյան պատերազմի ժամանակ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ամենայն հավանականությամբ, դիմել է Հայաստանի իշխանություններին և հիշեցրել ՆԱՏՕ-ի հետ «սիրախաղի» հետևանքները, ինչպես նաև հիշելով «կենսագրություն» հասկացության մասին, պատմել է, որ «եղբայրական երկրի գործընկերոջ» ասել է՝ ՌԴ-ում պատրաստ են ըմբռնումով մոտենալ կենսագրության առանձնահատկություններին և «մարդկանց դատել ոչ թե խոսքով, այլ գործով»։
Երկար ժամանակ մի շարք փորձագետներ ասում էին, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում երկրորդ՝ կառուցողական մոտեցման կողմնակիցները Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն են, իսկ ավելի կոնկրետ՝ Անդրկովկասի համար պատասխանատու անձինք։ Այս առումով հատկանշական է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում «սառույցը հալեցնելու» փորձ է անում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը՝ ինչին ուղղված էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զանգն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին։ Դրանից առաջ էլ կոչ էր արել ՀՀ իշխանություններին կողմնորոշվել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մասով։
Լավրովի կոչը և նրա վերջին հայտարարությունները ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ կրկին հաստատում են այն թեզը, որը մենք առաջ քաշեցինք օրեր առաջ, այն է, որ «Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական երկխոսության համար դեռ պատմական պատուհան կա», սակայն, եթե հնարավորությունը բաց թողնվի, ապա ոչ միայն երկու երկրների հարաբերություններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, այլև Հայաստանի հետ հարաբերություններում կառուցողական մոտեցման կողմնակիցները կկորցնեն նաև Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանն իրենց դիրքորոշումներն ու իրավիճակի տեսլականը փոխանցելու ու հասցնելու հնարավորությունը։
Ներկա պայմաններում արժե նաև ուշադրություն դարձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերին, ով Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ հայտարարել է, թե «որոշ երկրներ կարծում են՝ Եվրոպայի հետ մերձենալու համար պետք է դառնան Ռուսաստանի Դաշնության թշնամիներ, ինչը հրեշավոր սխալ է…»։
Գուցե արժե ականջալուր լինել Պեսկովի այս խոսքերին, թեև դրանք ասվել են ՌԴ-ի և Մոլդովայի հարաբերությունների համատեքստում ։
Մտածե՛ք այդ մասին…»։