Ադրբեջանական ֆաշիզմը՝ սպառնալիք Հարավային Կովկասի պետությունների համար
28 Օգոստոսի 2025, 19:20
(Ու՞մ կհարվածի Բաքվի ֆաշիստական ռեժիմը առաջինը)
«Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե 1920 թվականի ապրիլին ռուսական բանակը ներխուժել և օկուպացրել է Ադրբեջանը, «պայթած ռումբի էֆեկտ» թողեց ռուսական մեդիատարածությունում։ Ալիևին հիշեցրին ամեն ինչ՝ առաջին հերթին այն, որ Իլհամի հայրը՝ Հեյդար Ալիևը, Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարն էր, իսկ դա նշանակում է, որ Իլհամը իր հորը կոլաբորացիոնիստ է անվանում։ Ռուսաստանում նաև արդարացի հարց տվեցին. եթե խորհրդային իշխանությունը օկուպացիոն էր, ապա ի՞նչ իրավունքով է Ալիևը պահանջում Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմանները։ Այս բոլորը արդարացի հարցեր են, բայց ինչո՞ւ են դրանք հնչում հենց հիմա։
Մի՞թե Ալիևի հայտարարություններից առաջ Ռուսաստանում չգիտեին, որ դեռևս 2014 թվականին Ալիևը հրաման է ստորագրել 1918-1920-ականների առաջին Ադրբեջանական հանրապետության հիմնադիրներից մեկի, Վերմախտի ադրբեջանական լեգիոնների գաղափարախոսներից և կազմակերպիչներից մեկի՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը նշելու մասին։
Մի՞թե Ռուսաստանում չգիտեին, որ Ադրբեջանում կան Ռասուլզադեի արձաններ և կիսանդրիներ։ Մի՞թե Ռուսաստանում չգիտեին, չէի՞ն տեսել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանում պաշտոնապես օգտագործվում էին 1000 մանատ անվանական արժեքով թղթադրամներ, որոնց վրա պատկերված էր Ռասուլզադեն։ Մի՞թե Ռուսաստանում չգիտեին, ու Ադրբեջանում կան փոստային նամականիշեր նրա պատկերով։ Մի՞թե Ռուսաստանում չէին տեսել ադրբեջանական պատմության դասագրքերը, որոնցում Ռուսաստանը օկուպանտ է անվանվում՝ ինչպես ցարական Ռուսաստանը, այնպես էլ Խորհրդային Միությունը։
Ռուսաստանում չէին կարող չնկատել սա։ Դա տեսել է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, ով 2020 թվականի մայիսին իր մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն անդրադարձել էր ադրբեջանցիների և նացիստների համագործակցության, ինչպես նաև անկախ Ադրբեջանում նացիզմի վերականգնման թեմային։
Ռուսաստանում ամեն ինչ տեսել էին։ Ռուսաստանում ամեն ինչ գիտեին։ Բայց չէին արձագանքում։ Պատճառները կարող են լինել մի քանիսը՝ ադրբեջանական լոբբիի աշխատանքը, սխալ կարծիքը, թե ադրբեջանական ֆաշիզմը կհարվածի միայն հայերին։ Եվ, հնարավոր է, ամենակարևոր պատճառը՝ Ռուսաստանը երկար ժամանակ ինքն էր հակառուսաստան։ Ուստի մատների արանքով էին նայում տեղական դիկտատորների «խաղերին»։ Իսկ հիմա իրավիճակը սկսում է փոխվել։
Մինչ Ռուսաստանում մարսում են կատարվածը, այն որ երկար ժամանակ դաշնակից էին անվանում տեղական ֆաշիստին, նշենք հետևյալը. Ալիևն այսօր հույս ունի գլոբալիստների, Իսրայելի, Շտատներում իսրայելական լոբբիի համակողմանի աջակցության վրա՝ իր բանակի տոտալ վերազինման համար։ Հենց դրա համար էլ նրան անհրաժեշտ է հակառուսական հռետորաբանություն։ Արևմուտքին նա կխոստանա արագ պատերազմ Ռուսաստանի դեմ, Իսրայելին՝ պատերազմ Իրանի դեմ։ Բայց նրա առաջին նպատակը կլինի Հայաստանը, որը Փաշինյանը շարունակում է թուլացնել։
Հենց այդ պատճառով Ադրբեջանի՝ Արևմուտքի և Իսրայելի կողմից զինումը այսօր առաջին հերթին պետք է անհանգստացնի Հայաստանին և հայերին, որոնց քնացնում են այն հեքիաթներով, թե «խաղաղություն կլինի, պատերազմ չի լինի»։ Հայաստանից հետո Ալիևը կհարձակվի Ռուսաստանի վրա։ Պատրաստ կլինի հարձակվել նաև Իրանի վրա։
Մտածե՛ք այդ մասին․․․»։