Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ադրբեջանցիները մտել էին Ճարտար, կոտրել դռներն ու սկսել թալանը |Արցախյան բռնագաղթ. վկայություններ #40

26 Դեկտեմբերի 2023, 22:00

Հասմիկ Ղահրամանյանն Արցախից բռնի տեղահանվելուց երկուսուկես ամիս անց աշխատանքի է անցել Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբույժ: Տիկին Հասմիկը ընտանիքի հետ վարձով է ապրում Երեւանում: Ասում է՝ հասցրել է ինտեգրվել նոր միջավայրին ու առօրյային, մասնագիտական զբաղվածությունից զատ նաեւ այլ հետաքրքրություններ ունի, բայց լիարժեք չէ այստեղ իրեն զգում:

«Ոնց որ ուտելիքի աղը տեղը չլինի, էդպես էլ իմ կյանքում՝ մի բանը պակասում է: Անընդհատ մտածում եմ վերադառնալու մասին ու սրտիս խորքում հույս ունեմ, որ կվերադառնանք: Հավատում եմ, որ մի օր հատուցման ժամը կգա ու մենք հետ կգնանք: Ես պատրաստ եմ վերադառնալ Արցախ, միայն թե այնտեղ ադրբեջանցու հետք չտեսնեմ, որովհետեւ տեսանք, թե ինչ արեցին: Նույն վախի ու տագնապի պայմաններում չեմ ուզենա ապրել, իմաստ էլ չկա, եթե այնտեղ բանակ ունենանք, ապա կվերադառնանք»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է 63-ամյա բժշկուհին:

Արցախցի կինը Ճարտար քաղաքից էր: Տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր: Սպետմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի վրա, բժշկուհին աշխատավայրում էր: Հրթիռակոծության ձայները լսելուն պես նախ փորձել են պատսպարվել, հետո վիրավորներին են բերել ու մինչեւ բռնի տեղահանվելը՝ տիկին Հասմիկը հիվանդանոցում է մնացել:

«44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին ընդմիջումներով էր կրակում, բայց այս անգամ կարկտահարում էին, մեկ րոպե չէին դադարում հրթիռակոծության ձայները: Մինչեւ մենք կորոշեինք մեր անելիքները՝ վիրավորներին բերեցին ու մենք էլ ոչ մի տեղ չգնացինք ու էդ ծանր հարվածների տակ աշխատեցինք: Ժամանակ չունեինք նույնիսկ նստել: Առաջին վիրավորներն ու զոհերը, որոնց բերել էին, Մաճկալաշեն գյուղի քաղաքացիական անձինք էին»,- հիշում է բժշկուհին:

Արցախցի կնոջ խոսքով՝ թշնամու վերահսկողության տակ էր անցել Ճարտարից Ստեփանակերտ գնացող միակ ճանապարհը եւ քաղաքը հայտնվել էր շրջափակման մեջ:

«Ճարտարում մեկ քաղաքացիական զոհ եղավ, իրենք խնայում էին քաղաքը, հետո հասկացանք, որ իրենք էն գլխից էին ուզում էդտեղ ապրել: Ճարտարից վերջին դուրս եկողներն ինձ պատմել են, որ ադրբեջանցիներն իրենց ներկայությամբ մտել են քաղաք, կոտրել դռներ, պատուհաններ, մտել տներ, թալանել ու ստիպել մերոնց հեռանալ այդտեղից: Ես հստակ գիտեմ, որ իրենք մտել են Շահեն քեռուս տուն, գողացել հեռուստացույցն ու համակարգիչը, հետո մտել են հիվանդանոցը, նաեւ դպրոցներ: Չեն մտել միայն քաղաքապետարան, քանի որ մերոնք դեռ էնտեղ էին»,- պատմում է տիկին Հասմիկը:

Պատերազմից հետո, ըստ Հասմիկ Ղահրամանյանի՝ թշնամին սկսել է կռիվ տալ Ճարտարի համար:

«Զինադադարից հետո դրանք կատաղեցին, ավտոմատի կռիվ սկսվեց, իրենք մոտենում էին արդեն, շատ վախենալու էր: Սեպտեմբերի 24-ին, երբ քրոջս տղան եկավ իմ հետեւից, մարդիկ հենց էդ խուճապի մեջ էին, իսկ մեզնից հետո արդեն ադրբեջանցիները մտել էին քաղաք ու այնտեղ եղած արցախցիներին վախեցրել, ծաղրել ու մի քանի ժամ ժամանակ տվել, որ հեռանան»,- պատմում է բժշկուհին:

Տիկին Հասմիկն այդպես էլ հնարավորություն չունեցավ իր տուն գնալ, հրաժեշտ տալ եւ հենց սեպտեմբերի 24-ի գիշերն էլ հիվանդանոցից դուրս եկավ: Առջեւում մեկուկես օր տեւած բռնագաղթի ճանապարհն էր:

Մանրամասները՝ տեսանյութում: