Ադրբեջանը չէր թողնում Կարմիր խաչին վիրավորներին հանել, նրանք մահանում էին բուժօգնություն չստանալու պատճառով. Ալվարդ Ավագյան
23 Հոկտեմբերի 2023, 22:00
«Ես երանի եմ տալիս իմ ծառայության վայրը, տունը, ամեն ինչը, հետ կուզեի գնալ»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռի տեղահանված 38-ամյա Ալվարդ Ավագյանը՝ վերհիշելով Արցախում ապրած երջանիկ տարիներն ու բռնագաղթի դաժան պատմությունը։
Ալվարդն ամուսնու հետ ծառայում էր Պաշտպանության բանակում՝ նախ որպես ճաշարանի պետ, հետո պահեստապետ։ Զինվորական գործից զատ ընտանիքը անասնապահությամբ էր զբաղվում։
«Մենք էլ, սկեսրայրս էլ մեծ ֆերմա ունեինք։ Բլոկադայի ժամանակ շրջանի միսն ու կաթնամթերքը մենք էինք ապահովում։ Չէինք կոտորվում, պատրաստ էինք ապրել այդ պայմաններում, միայն թե մեր սեփական հողում մնայինք, մեր երեխաներին արժանապատիվ պահեինք»,- ասում է 4 երեխաների մայրը։
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով հարձակվեց Արցախի վրա, Ալվարդը տանն էր՝ երկու երեխաների հետ։ Հրթիռակոծության ձայները լսելուն պես նկուղում են պատսպարվել։ Մի քանի ժամ այստեղ մնացել, հասկացել, որ թշնամին շարունակում է գրոհը, իսկ տան նկուղն ապահով չէ, գնացել են դպրոցի նկուղ, որտեղ մնացել են մինչեւ կեսգիշեր։
«Ամուսինս պոստերում էր էդ պահին, ծանր էր, չգիտեինք՝ ով է ողջ, ով՝ ոչ։ Ռմբակոծության ձայները չէին դադարում, 3-4 հարկանի շենքն անընդհատ դղրդում էր։ Լիքը ժողովուրդ կար, մեկն իմանում էր, որ կորուստի ունի, լացում էր, մարդիկ անհանգիստ, վախի մեջ էին։ Հետո տեգրս եկավ մեզ տարավ գյուղ՝ Մուխրաթաղ, բայց առավոտյան վերադարձանք քաղաք։ Մինչեւ սեպտեմբերի 24-ը մնացել ենք Մարտակերտում, հույս ունեինք, որ մեր տանն ենք մնալու, սպասում էինք, կարծում էինք, որ դա հերթական սադրանքն էր»,- հիշում է Ալվարդն ու պատմում, որ թշնամու հարձակման հետեւանքով Մարտակերտը կրկնակի շրջափակման մեջ էր ընկել։
Ադրբեջանական զինուժը հասել էր Դրմբոն ու Ճանկաթաղ։ Դեպի Մարտակերտ գնացող երկու ճանապարհներն արդեն չկային։
«Դրմբոնը զավթելուց հետո Ադրբեջանը չէր թողնում, որ Կարմիր խաչը վիրավորներին հանի, էնքան վիրավոր է մահացել ծանր վիճակում, քանի որ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, շրջափակման պայմաններում դեղորայք չկար»,- պատմում է Ալվարդը։
Հրադադարից հետո Մարտակերտում էլեկտրաէներգիա չի եղել, կապն ընդհատված էր մյուս շրջանների հետ։ Ալվարդը հիշում է Արցախում անցկացրած վերջին՝ իր կյանքի ամենասարսափելի օրերը։
«Մարդկանց մի մասն իրենց հարազատներին էին կորցրել, մյուս մասն անհետ կորածների էին փնտրում, մարդիկ էլ կային, որոնք նկուղներում էին ապրում, վախենում էին, թշնամին ամեն պահի կարող էր մտնել քաղաք։ 4 պատերազմ եմ տեսել, սա ամենասարսափելին էր, ոնց որ ժողովրդին ցեղասպան անեին»,- ասում է Ալվարդը։
Պաշտպանության բանակի զինաթափումից հետո Ալվարդի ընտանիքը հարկադրված լքեց հայրենիքը։ Բռնագաղթը երեք օր տեւեց։ Շատ բան չի ուզում հիշել Ալվարդն այդ օրերից, պատմում է միայն ադրբեջանցիների վարքագծի մասին։
«Դրմբոնից դուրս գալուց հետո մինչեւ հասանք Գանձասար՝ ադրբեջանցիներն իրենց լկտի էին պահում, գոռում էին մեզ վրա, գորշ գայլերի նշանը ցույց տալիս։ Փորձում էին սադրել, խփել մեքենաներին, որ ինչ-որ տղամարդ հունից դուրս գա, արձագանքի ու վեճ բռնկվի, ռուս խաղաղապահները մեզ հետ էին, հորդորում էին ուշադրություն չդարձնել, ոչինչ չանել»,- պատմում է Ալվարդը։
Սեպտեմբերի 27-ին ընտանիքն արդեն Հայաստանում էր։ Նախ տեղավորվել են Արարատի մարզի Սիս գյուղում՝ բարեկամի տանը, հետո այլ տուն փնտրել։ Արցախից բռնի տեղահանված 14 հոգանոց ընտանիքն այժմ ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։
«14 հոգի ենք՝ ես ամուսնուս ու 4 երեխաներիս հետ, տեգրոջս 6 հոգանոց ընտանիքը, սկեսուրս ու սկեսրայրս։ Տուն գտնելը բարդ էր, բայց կարողացանք Հրազդանում հաստատվել։ Մեզ համար կարեւորն այն էր, որ Երեւանից մոտ լինենք, քանի որ աղջիկս ուսանող է։ Եթե էդ հանգամանքը չլիներ՝ ինձ համար ինչ տարբերություն՝ որտեղ կապրեմ, մեկ է՝ իմ ծնդդավայրը չէ»,- ասում է արցախցի կինը։
Ալվարդն այժմ մշտական աշխատանք չունի։ Օրվա հացի գումարը վաստակում են ժենգյալով հաց թխելով։
«Պատվերների պակաս չունեմ, չեմ բողոքում, բայց այս փուլում ամենակարեւորն աշխատանք գտնելն է։ Լավ է, շնորհակալ ենք, որ մեզ օգնում են, բայց անհարմար ենք զգում, միշտ արժանապատիվ ենք ապրել, աշխատանքով՝ ապահովված, իսկ հիմա սպասում ես, թե ով, ինչ կտա, բայց ինձ շատ վատ եմ զգում, դա իմը չէ։ Էստեղ բոլորն էլ մեզ ջերմ են ընդունել, լավ է, ինձ օտարի պես չեմ զգում, բայց ոնց որ մի բան պակաս լինի էլի»,- իր տունն ու տեղը կարոտած՝ ասում է Ալվարդը։
Արցախը կվերադառնա մի պայմանով, եթե պարտադրված չլինի ապրել Ադրբեջանի կազմում:
«Մի մարդու հետ ոնց ապրես, եթե ինքը քո երեխաներին մորթում է, չես կարող։ Իմ ընտանիքը պատրաստ է վերադառնալ, միայն թե թուրքի կազմում չլինենք։ Եթե բաց թողնեն Արցախ, անպայման կգնամ, նորից տուն ու տեղ կդնեմ, մեծ սիրով։ Սրտիս մի անկյունում հույս ունեմ, որ պետք է վերադառնանք»,- զրույցն ավարտում է Ալվարդը։