Ալիևն ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության և ԵԱՏՄ-ի
27 Օգոստոսի 2025, 19:00
(Հայ հասարակությանը կրկին չասվեց ամբողջ ճշմարտությունը)
«Նախօրեին մենք նշել էինք, որ օգոստոսի 20-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ի փաստաթղթերի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը։ Քննարկումը ծավալվել է այն համատեքստում, որ ռուսական կողմը շարունակում է պնդել, թե Հայաստանը պարտավորություններ ունի ինչպես ԵԱՏՄ շրջանակում՝ միասնական մաքսային տարածքում լինելու հանգամանքից ելնելով, այնպես էլ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների շրջանակներում, որոնք վերաբերում են Հայաստանի հարավային սահմանների վերահսկողությանը։
Այլ կերպ ասած, ռուսական կողմը մատնանշում է՝ ՀՀ տարածքով Բաքվի համար միջանցքի ցանկալի տարբերակը, որի շրջանակներում ադրբեջանցի ուղևորները և բեռները ՀՀ տարածք մուտք գործելիս չպետք է անցնեն ո՛չ սահմանային, ո՛չ մաքսային վերահսկողություն, չի կարող իրականացվել, քանի որ դա հակասում է ինչպես Հայաստանի երկկողմ պարտավորություններին, այնպես էլ Երևանի՝ ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին։
Սակայն այն պարտավորությունները, որոնք, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ստանձնել է օգոստոսի 8-ին, ուղղակիորեն հակասում են ոչ միայն Հայաստանի՝ իր տարածքում վերահսկողության բոլոր տեսակներն իրականացնելու ինքնիշխան իրավունքին, այլև ԵԱՏՄ-ի նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև հայ-ռուսական պայմանագրերի դրույթներին։
Հիմնավոր կասկածները, թե Փաշինյանի ստանձնած պարտավորությունները հակասում են Հայաստանի ինքնիշխանությանը և հակասության մեջ են մտնում ավելի վաղ ստանձնած միջազգային պարտավորությունների հետ, հիմնված են ոչ միայն Փաշինյանի կողմից երկրի կառավարման նախորդ տարիների փորձի, այլև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հնչած հայտարարությունների վրա։
Այսպես, Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը, մեկնաբանելով Սյունիքի տարածքով ճանապարհը ամերիկացիներին վարձակալությամբ տրամադրելու գաղափարը, բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ։ Ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, բայց թեման այդ ուղղությամբ չի շարունակվել։ Եթե ասել ենք՝ «ոչ», ուրեմն «ոչ»»։ Սակայն Եղոյանի խոսքերից հետո հանդիպում տեղի ունեցավ, և Դոնալդ Թրամփի խոսքերով, Փաշինյանն, այնուամենայնիվ, ճանապարհը 99 տարով վարձակալության է տվել ԱՄՆ-ին։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Բաքուն բավարար չի համարում Հայաստանի կողմից անվտանգության երաշխիքները՝ «Զանգեզուրի միջանցքով»՝ հայկական տարածքով իր քաղաքացիների երթևեկության համար։ «Բաքվին անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ՝ այնտեղ ադրբեջանցիների երթևեկության համար։ Մեզ համար կարևոր է, որ երկաթուղին կառուցվի և լինեն անվտանգության միջազգային երաշխիքներ։ Այլ կերպ ասած, ադրբեջանցիները, որոնք ուղևորություններ են կատարում Նախիջևանից դեպի երկրի հիմնական մասը կամ հակառակ ուղղությամբ, չպետք է անհանգստություն զգան։ Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար՝ հաշվի առնելով երկարատև առճակատումը և թշնամությունը», -պարզաբանել է նա «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Այս ամենին ավելացրեք Ալիևի այդ հայտարարությունները և այն, որ օգոստոսի 8-ի փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ստանա անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան, և պարզ է դառնում, որ Վաշինգտոնում Փաշինյանը զիջել է ոչ միայն միջանցք, այլև մի բան, որը հակասում է հայ-ռուսական պայմանագրերին, ինչպես նաև ԵԱՏՄ-ի դրույթներին։ Այլ կերպ ասած, Ալիևն իր քաղաքականությամբ գործում է նաև ընդդեմ Եվրասիական միության։
Ահա այսպես, որոշ ռուս տեսաբանների և պաշտոնյաների բոլոր «կառուցվածքներն» այն մասին, թե Արցախի համար հակամարտությունում Ադրբեջանին աջակցելով՝ Ռուսաստանը կստանա պաշտոնական Բաքվին որպես դաշնակից, փլուզվում են մեր աչքի առաջ։ Ալիևը ոչ միայն դաշնակից չդարձավ, այլև փորձում է քանդել Ռուսաստանի կողմից ստեղծված տնտեսական միության հիմնական հիմքերը։
Իսկ այս ամենն ինչո՞ւ է կատարվում։ Որովհետև «փոքր ու աննշան» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերացել է։
Մտածե՛ք այդ մասին․․․»։