Ալիևը ցանկանում է վերահսկել ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունը
11 Դեկտեմբերի 2025, 12:45
(Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին)
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջնականապես անցել են ասիմետրիկ փուլ, որտեղ Բաքուն ոչ միայն «խաղաղություն է պահանջում» իր պայմաններով, այլև համառորեն ձգտում է Հայաստանին ամրագրել վասալ պետության կարգավիճակ, որը պարտավոր է համաձայնեցնել իր առանցքային արտաքին և ներքին քաղաքական որոշումներն իր «սյուզերենի» հետ։
Այս անհամաչափ ճնշման կենտրոնում է Ադրբեջանի պահանջը՝ փոփոխելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու պատրաստակամության մասին, եթե Սահմանադրական դատարանը «Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը» ճանաչի երկրի հիմնական օրենքին հակասող, հերթական անգամ հնչեցվեցին Բեռլինում։ Բաքվի կողմից սա ընկալվում է ոչ թե որպես դեպի խաղաղություն տանող քայլ, այլ որպես հրապարակային հաստատում, որ ՀՀ ինքնիշխանությունը քննարկելի է և հանդիսանում է խաղաղության մասին երկխոսության մանրադրամ:
Բաքվի տեսանկյունից այս ժեստն, ըստ էության, վկայում է Հայաստանի պատրաստակամության մասին՝ ենթարկվելու արտաքին թելադրանքին՝ համաձայնագիր ստորագրելու համար։ Հիմնարար փաստաթղթում փոփոխություններ քննարկելուն փաստացի համաձայնությունը՝ արտաքին դերակատարի ճնշման ներքո, նույնիսկ ենթադրական հայտարարության տեսքով, Ադրբեջանին միայն ավելի ագրեսիվ և վստահ է դարձնում, որ առավելապաշտական պահանջները կբավարարվեն։
Այն, որ Բաքուն Հայաստանը դիտարկում է որպես իր բացառիկ շահերի գոտի և իր աշխարհաքաղաքական շարունակություն, վառ կերպով ցուցադրեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վերջին արձագանքը Հայաստանի և Եվրոպական միության միջև Գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրմանը։
Պաշտոնական Բաքուն անմիջապես այդ երկկողմ փաստաթուղթը որակեց որպես «հակասող Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին»: Քննադատության առարկա դարձան ոչ միայն «տեղահանված անձանց» (Արցախից փախստականների) մասին հիշատակումը, որը Ադրբեջանի ԱԳՆ-ն համարեց «կանխակալ վերաբերմունք», այլև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի բոլոր որոշումների աջակցումը, ինչպես նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին հիշատակումը։
Ադրբեջանին դուր չէր եկել նույնիսկ փաստաթղթում TRIPP նախագծի բացակայությունը, որը Բաքվում «կասկածներ է առաջացնում Երևանի մտադրությունների լրջության վերաբերյալ»։ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը երրորդ կողմի (ԵՄ) հետ երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթին միանշանակ ապացուցում է, որ Բաքվում Հայաստանն այլևս չի դիտարկվում որպես անկախ պետություն։ Ցանկացած նախաձեռնություն, որը համաձայնեցված չէ Բաքվի հետ, ընկալվում է որպես վասալական պարտավորությունների խախտում։
Այս դրվագը դասագրքային օրինակ է այն բանի, որ զրկվելով ռազմավարական խորությունից և դիվանագիտական վահանից, որը տալիս էր Արցախը, Երևանը հայտնվել է Ադրբեջանի ուղղակի միջամտության ներքո՝ ներքին և արտաքին գործերում։ Ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթը, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ, Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է «որպես սահմանափակ ինքնիշխանությամբ տարածք»։ Ադրբեջանի ողջ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ այսուհետ զարգանալու է Բաքվի բացառիկ շահերի գոտու տրամաբանությամբ, որն ուղղված է ՀՀ միակողմանի կախվածության համակարգված ամրապնդմանը, նրա ռազմավարական կապակցմանը և աշխարհաքաղաքական ենթակայությանը։
ՀՀ ԱԳՆ-ն, պատասխանելով Բաքվի պահանջներին, հակադարձեց, որ ԵՄ-ի հետ գործընկերության օրակարգը միայն «նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին», քանի որ արտացոլում է ԵՄ-ի հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Սակայն ստեղծված դինամիկայում, երբ Ադրբեջանն արդեն զգացել է «հաղթանակի» և քաղաքական գերիշխանության համը, նման փաստարկները չեն գործում։
Երևանի զիջողականությունը, որը հայտարարում է «բանակցությունների սեղան նստելու և նրբերանգները քննարկելու» պատրաստակամության մասին՝ ի պատասխան Սահմանադրության վերաբերյալ պահանջներին, միայն համոզում է Բաքվին, որ նա կարող է պայմաններ թելադրել ոչ միայն սահմանների դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման, այլև Հայաստանի ներքին օրենսդրության, ինչպես նաև արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ։ Հենց այս զիջողական դրսևորումներն են Ադրբեջանին դարձնում ավելի ագրեսիվ և պահանջկոտ, քանի որ նա դրանք մեկնաբանում է որպես թուլություն և հստակ «կարմիր գծերի» բացակայություն։
Հայաստանի ռազմավարությունը, որն ուղղված է «մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և աջակցության ապրելու հնարավորությանը», ինչի մասին Փաշինյանը նույնպես հայտարարել է Բեռլինում, գործնականում վերածվում է «թշնամի հարևանների՝ Անկարայի և Բաքվի թելադրանքով ապրելու»։ Խաղաղության ձգտումը՝ ցավոտ փոխզիջումների պատրաստակամության միջոցով, որոնք շոշափում են պետականության հենքերը (Սահմանադրությունը), ի վերջո հանգեցնում է ոչ թե ճնշման նվազեցման, այլ դրա ավելացման և վասալական կախվածության կարգավիճակի ամրապնդման։ Խաղաղությունը՝ թելադրանքով, որտեղ ինքնիշխան որոշումները պետք է անցնեն Բաքվի գրաքննությունը, չի կարող կայուն լինել և իր մեջ ոչ պակաս ռիսկեր է կրում, քան հայ-ադրբեջանական հակամարտության թեժ փուլը։
Հայաստանում յուրաքանչյուր ընտրող պետք է այս միտքը պահի իր գլխում այն օրը, երբ 2026 թվականին կգնա ընտրատեղամաս։
Մտածե՛ք այդ մասին․․․»։